Логотип

Նռնաձոր տանող նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի մարտին

Սյունիքի հարավում գտնվող Շվանիձոր-Նռնաձոր հողային ճանապարհի շինարարությունը ավարտին կհասցվի մարտին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

«Ըստ գործող պայմանագրի՝ ճանապարհի կառուցման աշխատանքների առաջին փուլի (հողային և արհեստական կառուցվածքների իրականացման աշխատանքներ) ավարտը նախատեսված է 2026 թվականի մարտի 9-ին, իսկ երկրորդ փուլով մրցութային գործընթաց է կազմակերպվել շինարարական ծառայություններ ձեռք բերելու համար»,– ասված է նախարարության պատասխանում։

2025 թվականի մայիսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասել էր, որ Նռնաձոր գյուղ տանող նոր (հողային) ճանապարհը նախատեսվում է կառուցել մինչև 2025 թվականի ավարտը։ Հետագայում նախատեսվում է ասֆալտապատել 8.5 կիլոմետրանոց ճանապարհը։ Նախագծի արժեքը 2.5 մլրդ դրամ է: «ԱՄՎ Պարտներ» կապալառու ընկերության ղեկավար Արմեն Մինասյանն էլ հայտարարել էր, որ իրենք մտադիր են ճանապարհի կառուցումն ավարտել մինչև դեկտեմբերի վերջ։

Նշենք, որ Նռնաձոր տանող գործող ճանապարհն անցնում է նախկին երկաթուղու ճանապարհով և գտնվում է ոչ բարվոք վիճակում։