Логотип

Իրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը

Իրանը շարունակում է Սպահանում գտնվող օբյեկտի պաշտպանության և Թալեգանի համալիրի ընդլայնման աշխատանքները։ Այս մասին գրում է «Վոեննի Օսվեդոմիտել» տելեգրամյան ալիքը։

Սպահանում հողով են ծածկվել միջին և հարավային մուտքերը։ Հյուսիսային մուտքը, որը վերակառուցվել է հունիսյան հարվածներից հետո, վերջին ամիսներին ամրացվել է և ըստ ամենայնի, մնում է բաց, սակայն մոտակայքում առկա է շինարարական տեխնիկա։

Դեպի թունելների միջին և հյուսիսային մուտքեր տանող ճանապարհին երևում են հողով լցված հավելյալ ինքնաթափ մեքենաներ, որոնք շարժվում են այդ ուղղությամբ՝ հավանաբար միջին մուտքին հող ավելացնելու համար։ Թունելների պաշտպանության նպատակով նմանատիպ աշխատանքներ Իրանի կողմից ձեռնարկվել են նաև հունիսին տեղի ունեցած հարվածների նախօրեին։

Բացի թունելներից, լուսանկարները ցույց են տալիս շինարարական աշխատանքների իրականացումը մակերևույթին գտնվող ավերված շենքում։ Ենթադրվում է, որ շենքը կարող էր օգտագործվել ցենտրիֆուգների արտադրության համար։

Սպահանի լեռնային համալիրում և Նաթանզի վառելիքի հարստացման գործարանում իրականացվող գործունեությունը մատնանշում է, որ Իրանն առաջնահերթություն է տալիս ուրանի հարստացման հետ կապված ակտիվների վերականգնմանն ու պահպանմանը։

«Թալեգան-2» օբյեկտում ավարտին է մոտենում բետոնե սարկոֆագի կառուցումը։ Օբյեկտը գրեթե ամբողջությամբ պատված է բետոնով, ինչը այն պատրաստ է դարձնում հողով ծածկելու համար և լրացուցիչ պաշտպանություն է ապահովում ավիահարվածներից։ Օբյեկտի դիմաց ընթանում է նոր շենքի կամ կառույցի շինարարություն, որը կապահովի հավելյալ պաշտպանություն։

Վերսկսվել է համալիրի հարևանությամբ գտնվող և վերջին շրջանում չօգտագործվող ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) օբյեկտի աշխատանքը, ինչպես նաև տեղակայվել է երկու նոր հավելյալ ՀՕՊ օբյեկտ։

Օբյեկտի շինարարությունը համարվում է նշանակալի, քանի որ մինչև 2004 թվականը AMAD նախագծի շրջանակներում այս տարածքում իրականացվել են միջուկային զենքի բաղադրիչների առանցքային փորձարկումներ և մշակումներ, իսկ ավելի ուշ ժամանակներում՝ բաղադրիչների արտադրություն։ Նոր օբյեկտի ենթադրյալ նշանակությունն այս պահին հայտնի չէ, սակայն դրա շինարարությունը և ուժեղացված պաշտպանությունը մատնանշում են դրա ռազմավարական կարևորությունը։

News.am