Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանի սահմանադրությունից հեռացրել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոփոխվում է, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները հանվում են Նախիջևանի Սահմանադրությունից։ Սա արտացոլված է «Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ հաստատելու մասին…» սահմանադրական օրենքի նախագծում։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գործող Սահմանադրության նախաբանում նշված է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով, որոնք գործում են առ այսօր։
Առաջարկվող նոր խմբագրության մեջ նշվում է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սույն Սահմանադրության հիմքը կազմում են 1991 թվականի օգոստոսի 30-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրում, 1991 թվականի հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտում ամրագրված սկզբունքները, ինչպես նաև 1995 թվականի նոյեմբերի 12-ին համաժողովրդական քվեարկությամբ՝ հանրաքվեով ընդունված Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունը։ Քննարկումներից հետո օրինագիծն ընդունվել է խորհրդարանի կողմից՝ երկրորդ քվեարկությամբ»,- հայտնում է ԱՊԱ-ն:
Հիշենք, որ վերոնշյալ հռչակագրի համաձայն՝ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի գրեթե ամբողջ տարածքին։
News.am
