Логотип

Մայրը սա հրաշք է համարում. Պատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավ

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 45-ամյա Պայծառ Թորոսյանի որդին։

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հայտնում են, որ այս ծնունդը վերածննդի խորհուրդ ունի. Պայծառը 2020 թվականի պատերազմում կորցրած երկվորյակ հերոսների մայրն է։ Նրա որդիները՝ Արմեն և Ռուբեն Շահինյանները, 2019-ին ծառայության էին անցել Մարտակերտում։ Ստանալով սերժանտի կոչում՝ նրանք առաջնագծում էին պատերազմի առաջին իսկ օրերից։ Մարտեր են մղել Մարտակերտում, Մատաղիսում, պաշտպանել Գիշի գյուղն ու Ուլյան լեռան դիրքերը՝ զգալի կորուստներ պատճառելով թշնամուն։ Եղբայրները զոհվեցին հոկտեմբերի 30-ին՝ հետմահու պարգևատրվելով «Արիության» մեդալով և «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Որդիների կորստից հետո Պայծառն ու ամուսինը երկար են պայքարել նորից երեխա ունենալու համար։ Երկու անհաջող արտամարմնային բեղնավորումից հետո հղիությունը բնական ճանապարհով է ստացվել։ Մայրը սա հրաշք է համարում։ Նորածին որդուն անվանակոչել են Րաֆֆի։ Անունն ընտրվել է խորհրդանշական կերպով՝ զոհված եղբայրների՝ Ռուբենի և Արմենի անունների սկզբնատառերով։

Փոքրիկ Րաֆֆին ծնվել է կեսարյան հատումով 3280 գրամ քաշով և 50 սմ հասակով։ Նա եկել է ապացուցելու, որ կյանքը շարունակվում է, իսկ հերոսների հիշատակը վառ է մնում նաև նոր ծնվող կյանքերում։

Panorama.am