Логотип

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:

Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել էր Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման հանդիսավոր արարողությունը։