Ես ոչ մի մեղադրանք չեմ ընդունում. Եթե ես չլինեի Վարդան Ղուկասյանի փեսան, կարծում եմ՝ այսօր մեղադրյալի աթոռին չէի լինի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 2–ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյան, ով ևս 3 հոգու հետմիասին մեղադրվում է Գյումրիում հունվարի 21–ին անկարգություններ կազմակերպելու գործով։
Նա հերքեց տեղեկությունները, թե մանկապարտեզների, դպրոցների աշխատակիցներին բերել են, որ մասնակցեն ցույցի՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։
«Ոչ մի իշխանության օրոք նման ռեպրեսիաներ չեն եղել, ինձ թվում է, որ ինձ պատժում են Վարդան Ղուկասյանի փեսա լինելու համար։ Այնպես չէ, որ ես վախենում եմ ինչ-որ բանից, նորմալ է։ Մեր քաղաքական հայացքները տարբեր են, մենք էլ մեր հայացքներից հետ չենք կանգնելու։ Միանշանակ քաղաքական պատվերներ կան այստեղ։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ եթե ինձ էլ տանեն կալանքի, ապա քաղաքը կտանենք կոլապսի, ինչպես 2024-ին եղավ»,–ասաց նա։
Անդրադառնալով քաղաքի կառավարմանը, Ավետիս Առաքելյանն ասաց. «Դժվարություններ շատ կան, բայց մենք բոլորը հաղթահարում ենք և գնում ենք առաջ։ Ամեն ինչ գտնվում է մեր տեսադաշտում, մեր վերահսկողության տակ։ Եթե խոչընդոտներ, քաշքշուկներ չլինեն, նորմալ մենք կառավարում ենք քաղաքը։
Իրավապահները խուզարկության ժամանակ վերցրել են իմ բջջային հեռախոսը, զննել են, կոնտակտներն են նայել, ապա վերադարձրել են։
Մենք ոչ մի մտավախություն չունենք, մենք դուրս ենք եկել պայքարի և այդ պայքարը շարունակելու ենք և հասցնելու ենք իր նպատակին»։
Նշենք, որ հունվարի 21–ին Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանց թվում են քաղաքապետ Վարդան Ղուկայսանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, և փեսան՝ Ավետիս Առաքելյանը։ Գործը արդեն ուղարկվել է դատարան։
News.am
