Логотип

Ընտրություններում կլինի 3-4 ընդդիմադիր բևեռ. Քաղտեխնոլորգը թվարկեց դրանք

Նախընտրական պայքարը արդեն բավականին ակտիվ փուլ է մտել, և իշխանությունը վաղուց է սկսել այդ պայքարը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Իշխանությունն արդեն տարբեր հնարքներ են օգտագործվում, տարբեր փորձեր է անում իր վարկանիշը բարձրացնելու համար։ Իսկ ընդդիմությունը, ես կարծում եմ՝ նոր է սկսում նախապատրաստական աշխատանքները բուն ընտրությունների հետ կապված։ Այն քաղաքական ուժերը, որոնք նոր են սկսել ձևավորվել, իրենք առայժմ այդ ձևավորման փուլում էին գտնվում, այսինքն ձևավորում են իրենց կառույցները, ճշտում են իրենց ռեսուրսները, պայմանավորվածություններ են ձեռք բերում։ Այս առումով, ընդդիմությունն էլ կարծես թե տեղից շարժվել է։

Ընդդիմության գործողությունները ուշացած են, քանի որ այն ժամանակը, որը պետք է հատկացվեր սկզբնական ճանաչելիությանը, բրենդի ձևավորմանը, երևի թե կարելի էր հատկացնել նաև մի քանի ամիս առաջ առնվազն։

Նորաստեղծ ուժերի պարագայում սա բացատրելի է, բայց հիմա իրենք պետք է հասցնեն հնարավորինս այն բոլոր փուլերը, որոնք տարիներ են տևում, անցնեն մեկ տարվա կամ կես տարվա ընթացքում։ Այսինքն, դա բրենդի ճանաչելիությունն է, մարդիկ պետք է իրենց դիրքավորումը հասկանան, թե ով ով է, ինչ անվան տակ են հանդես գալու։ Հետագայում արդեն, բնականաբար, պետք է ձևավորվեն նաև զուգահեռ կառույցներ, ռեսուրսներ, աշխատանք մեդիա դաշտի հետ, աշխատանք արտաքին աշխարհի հետ և այլն»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է այն ընդդիմադիր ուժերին, որոնք արդեն կային, այդ թվում խորհրդարանական, քաղտեխնոլոգը նկատեց, որ նրանք շատ ավելի ակտիվ կարող էին ներգրավված լինել այս ամեն ինչում։ Իհարկե, ուշացած շատ բաներ կան, բայց չեմ կարծում, որ անհույս վիճակ է»։

Հարցին՝ արդյոք այս փուլում ճիշտ է մեծ բևեռներով մասնակցել ընտրություններին և արդյոք դա կկարողանա կանխել իշխանության վերաարտադրությունը« Վիգեն Հակոբյանը պատասխանեց. «Տեսականորեն, ամենաճիշտը կամ ամենաընկալելին գուցե կլիներ, եթե դա լիներ մեկ ընդդիմադիր մեծ բևեռ, և երկու հիմնական բևեռների միջև մրցակցությունը լիներ, բայց դա տեսական տարբերակ է։ Անկախ Հայաստանի բոլոր ընտրական գործընթացներում նման խոսակցություններ միշտ եղել են, նման երազանք եղել է, բայց երբեք այդպես չի եղել։

Հիմա մենք ունենք փաստ, որ միասնական ընդդիմադիր բևեռ չի լինելու։ Երկրորդ նախագահը ասել է, որ իրենք չեն տեսնում մեկ բևեռի հնարավորությունը և հանդես են գալու իրենց միավորումով։ Հետագայում, սակայն չեն բացառում կոալիցիոն նոր իշխանության ձևավորումը, դա այլ հարց է։

Ես կարծում եմ, որ մենք ականատես կլինենք 3-4 խոշոր ընդդիմադիր բևեռի մասնակցության։ Դա «Հայաստան» դաշինքն է, «Մեր ձևով» շարժումն է։ Երրորդը, ես կարծում եմ՝ «Միասնության թևերն» է, որը կարծես թե դաշինքային ֆորմատով է հանդես գալու։

Կարծում եմ՝ կստեղծվի նաև չորրորդ բևեռը, դա կախված է նրանից նաև, թե ինչ դիրքորոշում կընտրի Հանրապետական կուսակցությունը։ Ի վերջո նաև Գագիկ Ծառուկյանի հարցն է բաց մնում, այնտեղ էլ դեռ հստակություն չկա, թե ինչ ձևաչափով են մասնակցելու»,– ընդգծեց նա՝ կանխատեսելով, որ այս հիմնական ընդդիմադիր ուժերը ինչ-որ փուլում իրար հետ մեմորանդումի կստորագրեն, որ բացառում են որևէ համագործակցություն ՔՊ-ի հետ։

Վիգեն Հակոբյանը նկատեց, որ եթե բազմաթիվ ուժեր, այդ թվում ընդդիմադիր, մասնակցեն ընտրություններին, բայց շեմը չհաղթահարեն, դա փոշիացնելու է ձայները, իսկ այդ փոշիացումը միշտ աշխատում է իշխանության օգտին։