Логотип

Հույս ունեմ, որ այսօր փոփոխություն կլինի․ պաշտպանը՝ Արշակ սրբազանի գործի մասին

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի միջնորդությունը բավարարելն ի սկզբանե անհիմն էր, ուստի նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը հույս ունի, որ այսօր որոշակի փոփոխություն կլինի։ Այդ մասին նա ասաց այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ այսօր մեր երկրում իրավական ոլորտում մեծ ճնշումներ են, այդ թվում՝ ԲԴԽ համակարգի կողմից՝ դատավորների նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, հույսը չի կորցնում։

«Իրավական պետության պարագայում այդ հույսը կլիներ համոզմունք»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույց է անհետացել, Հարությունյանը նշեց՝ այս պահին ստույգ ինֆորմացիա չկա, կփորձի այսօր ճշտել։

Վստահ է, որ Արշակ սրբազանի և կալանավորված մյուս 3 սրբազանների «գործերը» մեկ ընդհանուր շղթայի մաս են, քանի որ 4 սրբազաններն իրենց վայելած հեղինակությամբ կկարողանային կանխել եկեղեցու դեմ տարվող այս արշավը։

Ինչ վերաբերում է ՔԿ-ի նախաձեռնած նոր վարույթին, որի շրջանակում նաև 6 եպիսկոպոսներ ներգրավվել են որպես մեղադրյալներ և նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, Հարությունյանը նշեց՝ իրենք վստահ էին՝ ամեն ինչ արվելու է սրբազանների և վեհափառի մասնակցությունը Եպիսկոպոսաց ժողովին կանխելու համար։

«Ամեն ինչ արվում է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող ամոթալի արշավն իր նպատակին հասնի, բայց ես ասել եմ ու էլի եմ ասում՝ չի կարող մի խմբակ հաղթել 1700-ամյա եկեղեցու, որն անցել է մոնղոլ-թաթարներով, բոլշևիկներով, արաբներով, տարբեր արշավանքներով և միշտ հաղթած է դուրս եկել»,- ասաց Հարությունյանը։

Sputnik Արմենիա