Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին նա գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` դատարանի որոշումը չկատարելու պատճառով։
«Հաշվի առնելով իմ վերաբերյալ հարուցված հանրային քրեական հետապնդման կապակցությամբ մամուլում տարածված տեղեկատվության մասով մեծ հետաքրքրությունը` հարկ եմ համարում նշել, որ չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, և այն համարում եմ առնվազն անհիմն»,– այդ մասին գրել է Հարությունյանը։
Որպես իր խոսքերի հիմնավորում` նա ներկայացրել է մի քանի տեղեկություն։
Վազգեն Հարությունյանի խոսքով` գործը վերաբերում է դեռևս 2023 թ. Երևանում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթող ճանաչված «Իմպեքս» ՍՊ ընկերությանը, որի պայմանագիրը միակողմանի լուծվել է մրցույթի հրավերով նախատեսված բանկային երաշխիքը չներկայացնելու (ներկայացնելուց հրաժարվելու) պատճառով, այսինքն` օրենքի ուղիղ պահանջով։
«Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը` ի դեմս ինձ, Երևան քաղաքում ճանապարհային նշանների 2023 թ․ տեղադրման գործընթացը չձախողելու և Երևան քաղաքում երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով նախաձեռնեց նշանների տեղադրման նոր գնման մրցութային գործընթաց՝ ներկայացնելով համապատասխան գնման հայտ»,– գրել է Հարությունյանը։
Ըստ նրա` գնման հայտը ներկայացնելուց մոտ մեկ շաբաթ անց ստացել է «Իմպեք» ՍՊԸ–ի հայցի ապահովում կիրառելու դատական ակտ, ինչով արգելվում է Երևանի քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել՝ մինչև հիմնական հայցով վերջնական դատական ակտի կայացումը։
Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով` այդ նույն դատական ակտում նշված է, որ օրենսդրությամբ արգելվում է կայացնել որևէ դատական ակտ, որը կկասեցնի արդեն իսկ սկսված գնման գործընթացը, և հենց դրանով պայմանավորված էլ արգելվել է այն նախաձեռնելը։
Նա նշել է, որ ըստ էության` իրեն մեղադրում են այն բանի մեջ, որ մինչև դատական ակտի հրապարակումը չի իմացել` ինչ որոշում է կայացնելու դատարանը և գնման գործընթաց է նախաձեռնել։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, բայց թե ով է այդ անձը` չհայտնեցին։
