Логотип

Խուդաթյան․ Հայաստանի էներգահամակարգը տեխնիկապես կարող է միացած լինել 4 հարևանի հետ

Տեխնիկապես հնարավոր է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը չորս հարևանների (Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան – խմբ.) հետ միացած գործի։ Այսօր 2025 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ վերահաստատելով, որ այս պահին տեխնիկական որևէ խոչընդոտ չկա։

Նշենք, որ հունվարի 29-ի ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին։

«Մնացած մասով հույս ունեմ զարգացումներ կլինեն, և մենք պատրաստ ենք այդ զարգացումներին։ Սակայն ժամկետներ չկան։ Ես նախորդ տարի այցելել եմ Թուրքիա և հանդիպել եմ էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի հետ։ Ֆիքսել ենք, որ տեխնիկապես հնարավոր է իրականացնել, բայց այս պահին աշխատանքներ իրականացված չեն»,– ասաց Խուդաթյանը։

Տարածքային կառավարման նախարարը հավելեց, որ Հայաստանի համար առաջնահերթություն է չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը։

«Սա մեզ համար ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն՝ ներմուծել ու արտահանել, այլև կայունություն է։ Գաղտնիք չէ, որ միացված էլեկտրահամակարգերը կայունություն են ապահովում, ինչպես կայունություն են հաղորդում Վրաստանի և Իրանի էներգետիկ համակարգին և հակառակը»,– նշեց Խուդաթյանը։

Ինչ վերաբերում է այս հարցում Իրանի հնարավոր դիրքորոշմանը, Դավիթ Խուդաթյանն ասաց, որ որևէ մտահոգություն Իրանի հետ կապված չկա, ավելին՝ նախորդ տարի կայուն գործել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։

Խուդաթյանը նաև հավելեց, որ Իրան–Հայաստան բարձրավոլտ էներգետիկ համակարգի կառուցման աշխատանքները 85 տոկոսով արված են, և այն շահագործման կհանձնվի այս տարի։

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի և Իրանի միջև «Գազ՝ Էլեկտրաէներգիայի դիմաց» սվոփային մատակարարումներն իրականացվում են գործող «Ագարակ – Մեղրի» (220 կՎ) և Նորադուզ – Ագարակ (220 կՎ) էլեկտրահաղորդման գծերով: Իրանը Հայաստան գազ է մատակարարում գործող Իրան–Հայաստան գազատարով, իսկՀայաստանում (հիմնականում՝ Հրազդանի ՋԷԿ-ում) այդ գազից էլեկտրաէներգիա է արտադրվում։ Ընդ որում, Հայաստանն Իրանին վերադարձնում է էլեկտրաէներգիան արդեն գոյություն ունեցող էլեկտրահաղորդման գծերի միջոցով։

Կառուցվող (ու երկար քննարկված) 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը հարկավոր է փոխհոսքի ծավալների ավելացման, էներգահամակարգերի սինխրոն աշխատանքի ու «Հյուսիս-Հարավ» էներգահամակարգի շրջանակներում տարանցման ընդլայնման համար։

Sputnik Արմենիա