Երևանում օրերս կայացավ «Ինչպե՞ս համընթաց շարժվել AI-ի հետ» խորագրով միջոցառումը, որը միավորեց ավելի քան 300 մասնակիցների՝ կրթական, տեխնոլոգիական և բիզնես ոլորտներից։

Միջոցառումը դարձավ «ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիայի առաջին համայնքային հանդիպումը և միաժամանակ՝ ակադեմիայի զարգացման հաջորդ փուլի մեկնարկը։
AI կրթության և տեխնոլոգիական տրանսֆորմացիայի ոլորտում գործող «ռեԱրմենիա» ակադեմիան հայտարարում է զարգացման նոր փուլ՝ հաջողությամբ ավարտելով ներդրումային առաջին շրջափուլը` ներգրավելով 670 հազար ԱՄՆ դոլար տեղական և միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից և ընդլայնելով գործունեությունը միջազգային շուկաներում։

Գևորգ Պողոսյան
«ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանը նշեց, որ ակադեմիայի առաքելությունը երեք հիմնական փուլերից է բաղկացած. «Առաջինը՝ կրթված հայություն, երկրորդը՝ կրթություն արտահանող Հայաստան, և երրորդը՝ համաշխարհային կրթության տրանսֆորմացիա։ Սա, իհարկե, մի քանի տասնյակ տարվա աշխատանք է պահանջում, սակայն առաջին երկու փուլերի մեկնարկն արդեն տրված է, և մենք սկսել ենք նաև առաջին արտահանման գործընթացը՝ Հնդկաստան»։
Այս նախագծի շրջանակում Հնդկաստանում ակադեմիայի գործընկեր Bharatiya Vidya Bhavan-ը 2026 թվականի փետրվարին Հնդկաստանում առաջին անգամ կգործարկի «Արհեստական բանականություն և AI4Bharat» նոր ծրագիրը հինդիով և անգլերենով, որը կառուցված է «ռեԱրմենիա» ակադեմիայի մշակած կրթական բովանդակության հիման վրա։

Արտաքին շուկաներ դուրս գալով՝ «ռեԱրմենիա» ակադեմիան նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիրքերը՝ որպես կրթության և անհատների ու կազմակերպությունների տրանսֆորմացիային ուղղված տեխնոլոգիաներ արտահանող երկիր։
««ռեԱրմենիա» ակադեմիան ստեղծվել է «ռեԱրմենիա» հիմնադրամի հիմքի վրա և շարունակում է դրա առաքելությունը։ Մեզ համար շատ կարևոր է արհեստական բանականությունը դիտարկել որպես զորացման միջոց, և այս փուլում մենք իրականացնում ենք AI-ի կիրառման մի քանի ուղղություններ: Մենք մտածում ենք կրթության և անհատների զարգացման մասին։ Ստեղծում ենք տեխնոլոգիա, որպեսզի մարդիկ AI-ի միջոցով կարողանան ավելի արագ ձեռք բերել օրեցօր փոփոխվող հմտությունները, իսկ կազմակերպություններին ու հաստատություններին օգնում ենք՝ ավտոմատացումից մինչև թիմերի ամբողջական տրանսֆորմացիան ապահովելու ճանապարհին»-նշեց «ռեԱրմենիա» ակադեմիայի գործադիր տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:

Ռեբեկա Հակոբյան
Ըստ նրա՝ «ռեԱրմենիա» ակադեմիան գործում է երեք հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության և մասնագիտական հմտությունների ծրագրեր՝ ներառյալ 21-րդ դարի հմտություններն ու շարունակական կրթությունը, AI Agentic Education՝ AI ագենտների կիրառմամբ կրթական հարթակներ, ինչպես նաև AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն և ավտոմատացումներ կազմակերպությունների համար։
«Ինչպես բոլորս գիտենք, Ամերիաբանկը մեծապես կարևորում է նորարարությունը, և յուրաքանչյուր նոր փորձառություն ու մարտահրավեր մեզ համար խթան է առաջ շարժվելու։ «ռեԱրմենիա»-ի հետ այս համագործակցությունը մեր նախագծերից մեկն էր՝ որպես շուկայում առկա արդի և դինամիկ անհրաժեշտություն։ Մենք սկսեցինք մեր աշխատակիցների վերապատրաստումը և արդեն հաջողությամբ գործարկում ենք երրորդ թիմը՝ յուրաքանչյուրում 100 մասնակից, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 300 վերապատրաստված մասնակից այս թեմայի շուրջ»,- ասաց Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը:

Աննա Վարդանյանց
2025 թվականի ընթացքում ակադեմիան AI կրթություն է տրամադրել ավելի քան 9 հազար անձանց՝ Հայաստանից և Սփյուռքից։ Այն համագործակցում է նաև Հայաստանի տարբեր ոլորտների առաջատար կազմակերպությունների և համալսարանների հետ՝ նպաստելով AI կրթության և տրանսֆորմացիայի տարածմանը։
Ընդլայնվելով և շարունակաբար ավելացնելով նախագծերի թիվը՝ «ռեԱրմենիա» ակադեմիան փնտրում է թիմի նոր անդամների։ Ընկերությունը հրավիրում է առաքելությանը միանալու ծրագրավորման և մարքեթինգի մասնագետների, կրթական նախագծողների և դասավանդողների՝ նպաստելու AI կրթության զարգացմանը Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

Սյուզաննա Շամախյան
«ռեԱրմենիա» ակադեմիան տրանսֆորմացնող և զորացնող էկոհամակարգ է, որտեղ մարդիկ բացահայտում, զարգացնում և իրացնում են իրենց ներուժը՝ արագ փոփոխվող աշխարհում արդյունավետ և ներդաշնակ կյանք ապրելու համար։

Արամ Փախչանյան
Ակադեմիան գործում է երեք հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության և մասնագիտական հմտությունների ծրագրեր (ներառյալ՝ առաջատար «AI քեզ բան» նախաձեռնությունը և 21-րդ դարի «գոյատևման» հմտությունների և շարունակական կրթության նախագծերը), AI ագենտներով կրթական հարթակ (AI Agentic Education Platform), ինչպես նաև AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն ու լուծումներ կազմակերպությունների համար։

Մինչև 2030 թվականը ավելի քան մեկ միլիոն հայի AI կարողություններով զորացնելու և հայկական կրթական ու տրանսֆորմացիոն մոդելներն աշխարհ արտահանելու առաքելությամբ «ռեԱրմենիա» ակադեմիան դիրքավորում է Հայաստանը որպես մարդակենտրոն AI կարողությունների զարգացման և նորարարության տարածաշրջանային կենտրոն։
Ընդլայնվելով և շարունակաբար ավելացնելով նախագծերի թիվը՝ ակադեմիան փնտրում է թիմի նոր անդամների։ Ընկերությունը հրավիրում է առաքելությանը միանալու ծրագրավորման և մարքեթինգի մասնագետների, կրթության նախագծողների և դասավանդողների։
