Երևան քաղաքի վարչությունում օպերլիազորի կողմից քաղաքացուն ծեծելու և հայհոյելու դեպքով ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են»,- հայտնում է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ արդեն հաղորդում է տրվել առերևույթ հանցագործության վերաբերյալ։
Նշենք, որ ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել, որում երևում էր, թե ինչպես է ենթադրաբար ոստիկանության ծառայողը հարվածում, հայհոյում և ստորացնում քաղաքացուն։ Ավելի ուշ Բադոյանը նաև հավելել էր, որ իր տեղեկություններով՝ խոշտանգվող տղամարդը ենթադրյալ հանցագործի հարազատ է և նրա վրա ճնշում են գործադրում, որ կասկածյալը ներկայանա։
Բադոյանը նաև հայտնել էր տեսանյութում երևացող ոստիկանության ծառայողի անունն ու պաշտոնը՝ քրեական ոստիկանության օպերլիազոր Հայկ Հակոբյան։
Sputnik Արմենիա
