Логотип

Նարեկ Կարապետյան․ Ինչքան մոտենանք նախընտրական պրոցեսներին, էնքան հարձակումներն ավելի վատ են լինելու

«Մեր հասարակության նշանակալի մասն ընտրությունն իրականացնում է անձանցով։ Մինչև հիմա այդպես է եղել, հիմա էլ անձանց կա՛մ հավանում են, կա՛մ չեն հավանում։ Ինչ ենք ուզում ավելացնել դրան՝ որ ընտրությունը կատարվի նաև ծրագրերով։ Ծրագրերի մասին խոսվի, որ հետո էլ մարդիկ պահանջեն, սա է մեր նպատակը»,-Տաշիր Արենայում երևանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«300 հազար նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում։ Մարզեր կատարած մեր բազմաթիվ այցելությունները ապացուցեցին վիճակագրական այն հաստատումը, որ մարզերում աշխատանք չկա։ Գիտեմ, որ վերջին երկու տրվա ընթացքում ձեր հարկերը 2 անգամ ավելացվել են, իսկ պետության կողմից ձեզ տրվող աջակցությունը երկու անգամ ավելացե՞լ է։ Պետությունից ինչ-որ բան ստանո՞ւմ եք, բացի հարկայինի ջղային դեմքից։

Ոչ մի նոր որակական փոփոխություն չի եղել, իսկ այն ի՞նչ է բերել մեր երկրին։ Մի տարվա ընթացքում 3000 ընկերություն է փակվել։ Պատկերացրեք միջինում ամեն ընկերությունում 3 հոգի է աշխատել, այսինքը՝ մեկ տարվա մեջ մենք փոքր բիզնեսում կորցրել ենք մոտ 9 հազար աշխատատեղ։

Ապագայում ինչ է կանխատեսվում, դուք եթե ուզենաք բիզնես անել Հայաստանում, ձեռներեցությամբ զբաղվեք՝ ունենալու եք երկու լավ լուր. առաջին՝ հարկ չեք տալու, երկրորդ՝ հարկայինին չեք տեսնելու։

Գյուղացին չպետք է մտածի վաճառելու մասին, տարվա սկզբից գյուղացուն հնարավորություն է տրվելու մթերման կայանի հետ պայմանագիր կնքել՝ գնով և մոռանալ ամեն ինչի մասին։ Իր միակ նպատակը պետք է լինի ապրանք ստանալը։ Սա հեղափոխական փոփոխություն է բերելու մեր բոլոր համայնքներում։ Վերջապես գյուղատնտեսությունը լինելու է կանխատեսելի և շահութաբեր։

 Մի բան էլ կուզեի ավելացնել։ Ինչքան մենք մոտենանք նախընտրական պրոցեսներին, էնքան հարձակումներն ավելի վատ են լինելու։ Իհարկե, մենք էլ պետք է առիթ չտանք, որ հարձակումներ լինեն, բայց դրանք ավելի շատ, ավելի տհաճ և գռեհիկ են լինելու։ Մենք աշխատելու ենք հավասարակշռության մեջ մնալ, փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր էս վերցրած ճանապարիհը մինչև վերջ հասցնենք, որովհետև հասկանում ենք, որ չկա ուրիշ այլընտրանք, որովհետև հասկանում են, որ պետք է փոփոխություն լինի»,-ասել է Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Տաշիր Արենայում տեղի է ունեցել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի և շարժման անդամների հանդիպումը երևանցիների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը, ներկայացվել են «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։

Դեպի Ուժեղ Հայաստան տանող Սամվել Կարապետյանի 5 քայլերն են.

1. 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,

2. 0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,

3. 20% էժան դեղորայք՝ բոլորի համար,

4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,

5. 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

«Ես դրանք երաշխավորում եմ»,-օրեր առաջ հղած ուղերձում ասել էր հայտնի գործարար, բարերարը։

Panorama.am