Логотип

ԱՆՕՐԵՆՆԵՐԸ

Ընդդիմադիր շրջանակներում տարածված թեմա. կհանձնի՞ արդյոք Փաշինյանն իշխանությունը, եթե պարտվի ընտրություններում։ Թվում է՝ ի՞նչ կա այստեղ քննարկելու: Կպարտվի՝ կհեռանա։

Բայց նման խոսակցությունները պատճառ ունեն։ Շատերը վստահ են, որ Նիկոլն ու իր թիմն այնքան այլանդակություններ են արել ոչ վաղ անցյալում և այսօր էլ այնպիսի անօրինություններ են անում, որ ապօրինի մեթոդներով իշխանության պահպանումն այլևս ոչ մեկին չի զարմացնի։ Մի անօրինությունով ավելի, մի անօրինությունով պակաս… Ի՞նչ տարբերություն Փաշինյանին համար։

ՍԱՆՁԱՐՁԱԿ ԱՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՐՈՒՑՈՒՄՆ Է (հասկանալի է, թե ում հրահանգով) Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոսների դեմ, որոնք, քննչական մարմնի տրամաբանությամբ, իրավունք չունեին առաջարկել Կաթողիկոսին, որ կարգալույծ անի արդեն նախկին եպիսկոպոս Գևորգ Սարոյանին… Այն պատճառով, որ ավելի վաղ դատարանը միջանկյալ վճիռ էր կայացրել, որով արդեն նախկին եպիսկոպոսը պիտի շարունակի մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ, չնայած Կաթողիկոսի որոշմանը…

Մի աբսուրդից ծնվում է մյուսը. դատաքննչական մարմինների տրամաբանությամբ (բնականաբար՝ իշխանության թելադրանքով), Սարոյանին թեմի առաջնորդ նշանակելու իրավունք Կաթողիկոսն ուներ, իսկ հեռացնելու իրավունք չունի։ Կարող է եպիսկոպոս ձեռնադրել, իսկ զրկել կարգից՝ ոչ։

Էդմոն Մարուքյան. «Կարո՞ղ է որևէ քաղաքացի դիմել դատարան և պնդել, որ դատարանը պետք է իրեն ճանաչի եպիսկոպոս կամ կաթողիկոս, այսինքն կարգավիճակ տա տվյալ քաղաքացուն դատարանը։ Կամ կարո՞ղ է դատարանը մեկին նշանակել «Եհովայի վկաների» հովիվ։ Իհարկե ոչ, ու հիմա Քննչական կոմիտեն հանցագործություն է անում…»։

Բոլորին ակնհայտ է պատճառը. այդ անհեթեթ քրեական գործի պատրվակով երկրից չբացակայելու ստորագրություն վերցնել եպիսկոպոսներից։ Այդ կերպ կանխել նրանց մասնակցությունը փետրվարի 16-19-ին Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին, կամ էլ ընդհանրապես խափանել ժողովի անցկացումը։ Այդ տրամաբանության շրջանակներում՝ այս շաբաթ կարող են հարցաքննության կանչել նաև Գարեգին Բ Կաթողիկոսին, որպեսզի նրան էլ զրկեն Ավստրիա մեկնելու հնարավությունից. խեղճ քննիչներ….

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու ևս 4 հոգևորականներ բանտարկված են մտացածին մեղադրանքներով։ Մեկը՝ որովհետև իբր պարտադրել է մասնակցել հանրահավաքներին։ Երկրորդը՝ որովհետև ինչ-որ մեկն ասել է, որ 8 տարի առաջ ինչ-որ մեկից լսել է, թե եպիսկոպոսը ինչ-որ մեկին հրամայել է «պլան» գցել հակաեկեղեցական հանրահավաքի մասնակիցներից մեկի գրպանը… Չկան իրեղեն ապացույցներ, չկան հանցանշաններ, կա ինչ-որ մեկի երևակայության արգասիքը։ Հետաքրքիր է, եթե ինչ-որ մեկն ասի, որ իրականում այդ թմրանյութը, եթե անգամ եղել է, հրամայել է գրպանը գցել Փաշինյանը, վարչապետի՞ն էլ բանտ կնստեցնեն, մինչև դատ ու դատաստան անեն, մինչև դես, մինչև դեն։

Երրորդ հիերարխը նստած է այն բանի համար, որ, պարզվում է, 2025-ին քննությունը որոշել է, որ 2024-ին իշխանության բռնի զավթման ծրագիր է եղել… Ինչ-որ մեկի մոտ ինչ-որ թուղթ են գտել… Չորրորդը բանտ է նետվել այն բանի համար, որ լրագրողներին տված հարցազրույցում անկեղծորեն շարադրել է իր մտքերն այն մասին, որ ռազմական հեղաշրջումը կարող էր փրկել Հայաստանը… Մտացածին մեղադրանքով անազատության մեջ են նաև Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին, որոնք իբր խոչընդոտել են հանրահավաքի անցկացմանը։

Ողջ այս բալագանը իշխանավորներն անվանում են Եկեղեցու «բարեփոխում»։ Ճիշտ նույն կերպ էլ նախկինում «բարեփոխեցին» Արցախի հարցով բանակցային գործընթացը… Իրականում ունենք սանձարձակ անօրինություն մի մարդու կողմից, որը Հայ Առաքելական Եկեղեցին փլուզելու իր ձգտման մեջ կորցրել է չափի զգացումը, իսկ խիղճը կորցրել է շատ վաղուց։

Գումարած բլոգերները, որոնք արդեն քանի ամիս նստած են ոչ այնքան պարկեշտ բառապաշարի համար: Գումարած Սամվել Կարապետյանը, որը ձերբակալվեց, իսկ հետո կալանավորվեց «մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու» արտահայտության համար…

Փաշինյանն ու իր թիմը չեն կարող չհասկանալ, որ իշխանությունը կորցնելու դեպքում այս ողջ անօրինությունը բումերանգի պես հարվածելու է իրենց։ Չենք խոսում արդեն իրենց կառավարման երրորդ տարում պատերազմ բերելու անվիճելի փաստի համար պատասխանատվության մասին։ Պատերազմը մարդկային և տարածքային ավելի քիչ կորուստներով չդադարեցնելու անվիճելի փաստի։ Սահմանամերձ տարածքների և Արցախի հանձնման համար պատասխանատվության:

Հաշվի առնելով այդպիսի «ուղեբեռը»՝ կարելի է հասկանալ ընդդիմադիր այն շրջանակներին, որոնք պնդում են, որ Փաշինյանը չի հանձնի իշխանությունը ոչ մի պարագայում։