Логотип

«Խաղադրույքը շատ մեծ է». Կալասը՝ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով ԵՄ-ի լարվածության մասին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Նորվեգիայում կայացած համաժողովի ժամանակ խոստովանել է, որ Եվրամիությունը ստիպված է մեծ զգուշությամբ արձագանքել Գրենլանդիայի հարցում ԱՄՆ-ի գործողություններին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բնականաբար, մենք զգույշ ենք գործում, քանի որ խաղադրույքը շատ մեծ է։ Նկատի ունեմ այն, որ եվրոպական մայրցամաքում լայնամասշտաբ պատերազմ է ընթանում, և գոյություն ունեն սպառնալիքներ, որոնք բխում են տնտեսական ճնշումներից, ինչպես նաև լուրջ մարտահրավերներ Չինաստանի կողմից, որն ազդում է մեր տնտեսությունների վրա… Ուստի մենք պետք է շատ զգույշ անցնենք այս ուղով, առաջ շարժվենք այս ճանապարհով և փորձենք հարմարվել ու աշխատել։ Մենք չենք ուզում հակամարտության մեջ լինել որևէ մեկի հետ»,- այսպես է պատասխանել Կալասը այն հարցին, թե ինչու է ԵՄ-ն այդքան զգույշ արձագանքել Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ սպառնալիքներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Գրենլանդիայի կարիքն ունի «ազգային անվտանգության տեսանկյունից»։ Բացի այդ, կղզին կարևոր է նաև նախագծվող «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի համար։

Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին զգուշացրել են զերծ մնալ կղզին զավթելու փորձերից՝ նշելով, որ իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք են ակնկալում։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կնշանակի ինչպես ռազմական դաշինքի, այնպես էլ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված անվտանգության» ավարտ։

Գրենլանդիան մինչև 1953 թվականը եղել է Դանիայի գաղութը։ Այժմ այս տարածքը թագավորության կազմում է, բայց 2009 թվականին ստացել է ինքնավարություն՝ ինքնակառավարման և ներքին քաղաքականության մեջ ինքնուրույն ընտրության հնարավորությամբ։

Sputnik Արմենիա