Логотип

Ընդդիմախոսներին կարգելե՞ն ընտրություններին մասնակցել ֆինանսի պատճառով. Գալյանի պատասխանը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը համարում է, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունը բավականին հստակ կարգավորված է օրենսդրության տեսանկյունից, և այդ կապակցությամբ լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտություն չկա: Նա այդ մասին ասաց տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Մենք նախարարից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է, որ իշխանությունը ֆինանսական թափանցիկության բացակայության պատրվակով թույլ չտա ընդդիմադիր ուժերին մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Նախարարը նշեց, որ դեռևս նախորդ տարի ընդունվել են կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունը կարգավորող օրենսդրական փոփոխություններ: Ընդունման գործընթացում ընդդիմության հետ տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ՝ կոնսենսուս ապահովելու նպատակով։

«Մենք ունենք բազմաթիվ կարգավորումներ թափանցիկության հարցում. դա ընդամենը մեկ բանկային հաշիվ ունենալու անհրաժեշտությունն է, ինչպես նաև այդ կուսակցություններին նվիրատվությունների առավելագույն թույլատրելի շեմն է, հաշվետվություն, հայտարարագիր ներկայացնելու պահանջը և այլն: Բայց կա մի քանի բաց հարց, որոնց հետ կապված օրենսդրական նախաձեռնությունները այժմ սեղանին են դրված»,- նշեց նախարարը:

Գալյանը ոչ նպատակահարմար համարեց այս ոլորտում լրացուցիչ փոփոխությունները, որպեսզի խուսափեն այնպիսի իրավիճակից, երբ առանձին ուժեր կզկրվեն մասնակցության հնարավորությունից։ Եթե անգամ առկա օրենսդրական փոփոխություններն էլ ընդունվեն մինչև ընտրությունները, ապա նախարարը վստահեցրեց, որ խաղի կանոնները չեն փոխվի։