Логотип

Պուտինն ու Սի Ծինփինը հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը տեսակոնֆերանսի ձևաչափով զրույցի ժամանակ հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Ընդհանուր առմամբ, տեղի ունեցած ուղիղ ջերմ զրույցը թույլ տվեց երկու առաջնորդներին հաստատել առաջիկա ժամանակահատվածում համատեղ աշխատանքի ռազմավարական, սկզբունքորեն կարևոր առաջնահերթությունները», – ասել է Ուշակովը լրագրողներին:

Պուտինը և Սի Ծինփինը վերստին արձանագրել են, որ երկու երկրների միջև համապարփակ գործընկերությունն ու ռազմավարական փոխգործակցությունը գտնվում են աննախադեպ մակարդակի վրա, կրում են իրավահավասար և փոխշահավետ բնույթ: Ուշակովը հավելել է՝ երկու երկրների համագործակցությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ և ենթակա չէ որևէ իրավիճակային փոփոխության։

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը նոր հնարավորություններ են տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ Ռուսաստանի և Չինաստանի շփումներում:

Զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Չինաստանի առևտրատնտեսական կապերի, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում հետագա զարգացման հարցը: Չինաստան նավթի և խողովակաշարային գազի մատակարարումներով Ռուսաստանն առաջինն է։ Շեշտը դրվել է նաև նորարարական ուղղություններով, այդ թվում՝ ԱԲ տեխնոլոգիաներում համատեղ աշխատանքի վրա:

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահն իր չինացի գործընկերոջ հետ կիսվել է նաև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերի գնահատականներով, իսկ Սի Ծինփինը Պուտինին տեղեկացրել է Պեկինի և Տոկիոյի հարաբերությունների մասին:

Կողմերը պայմանավորվել են տեղեկատվության օպերատիվ փոխանակման համար ակտիվացնել միջգերատեսչական մակարդակում երկու երկրների երկխոսությունը:

ՌԴ նախագահն ընդունել է 2026 թվականի առաջին կեսին Չինաստան այցելելու՝ Սի Ծինփինի հրավերը: Ժամկետները և մանրամասները կհամաձայնեցվեն լրացուցիչ:

Sputnik Արմենիա