Логотип

Ազգային պատկերասրահը Sotheby’s-ից ձեռք է բերել Գորկու գործերից մեկը

Հայաստանի Ազգային պատկերասրահը, 2025 թվականին պետական համալրումների շրջանակում, Sotheby’s աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու աշխատանքներից մեկը։ Անանուն աշխատանք է, Գորկուն հատուկ, եզակի գրաֆիկական թերթ է։ Այս մասին ասուլիսում հայտնեց Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

Նա նշեց, որ առաջիկայում կկազմակերպվի ցուցադրություն։ Ընդհանուր առմամբ, շուրջ 70 հազար եվրո է կազմել աճուրդային արժեքը, տեղափոխությունը։

Մ. Հակոբյանը խոսելով այս տարվա ընթացքում միջազգային համագործակցությամբ Ազգային պատկերասրահում կազմակերպվող ցուցադրությունների մասին, ասաց, որ Ղազախստանի արվեստի ազգային թանգարանի հետ արդեն ունեն կնքած հուշագիր, որի շրջանակում էլ աշնանը Հայաստանում առաջին անգամ կներկայացվի հայտնի նկարիչ Վարդգես Սուրենյանցի գլուխգործոցներից մեկը՝ «Լքյալ» կտավը։

«Շատ կարևոր նմուշ է ոչ միայն գեղարվեստական արժեքով, նաև փաստավավերագրական արժեքով։ Կարելի է ասել՝ հայկական կերպարվեստի առաջին փաստավավերագրական նմուշներից մեկն է»,- ասաց նա։

Լոնդոնի դիմանկարչության ազգային պատկերասրահի հետ համագործակցության շրջանակում Հայաստանում առաջին անգամ ներկայացվելու է հանրահայտ լուսանկարիչ Իդ Քարի հավաքածուն։

«Եվրոպական լուսանկարչության առաջատար կին լուսանկարիչներից է։ Ժամանակին եղել է Հայաստանում, ոգեշնչվել, տպավորվել է Հայաստանով,  Հայաստանի հետ ունի լուրջ կապեր և արմատներ»,- ասաց Մ. Հակոբյանը։

Panorama.am