Դիվերսիֆիկացիա՞, թե՞ ծուղակ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր հիշեցնում է շախմատային բարդ խաղ, որտեղ տախտակի վրայի ֆիգուրներն ընդամենը խաղաքարեր են, իսկ իսկական գրոսմայստերները նստած են հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող աշխատասենյակներում: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններն ու Բրյուսելից ստացվող նորությունները լույս են սփռում մի վտանգավոր պարադոքսի վրա. Արևմուտքը Հայաստանից պահանջում է մի բան, ինչից ինքը կտրականապես հրաժարվում է անել անվտանգության նկատառումներից ելնելով, մինչդեռ Թուրքիան ակնհայտորեն ձգտում է Հանրապետության կլանմանը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր վերջին պատասխաններում առավելագույնս խիստ շեշտադրումներ է արել: Նրա հիմնական ուղերձն այն է, որ 102-րդ բազան և ռուս սահմանապահները ոչ թե պարզապես «հողի վարձակալություն են Հայաստանում», այլ ողջ Հարավային Կովկասի անվտանգության հիմնասյունը: Մոսկվան վերահաստատում է այն դիրքորոշումը, համաձայն որի՝ ՌԴ ներկայությունը մակրոտարածաշրջանի ապակայունացման դեմ պայքարի առանցքային զսպող գործոնն է: Այս համատեքստում Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ փաստացի հանդիսանում է ՌԴ/ՀԱՊԿ սահմանը ՆԱՏՕ-ի հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ռուսական կողմը նաև ուղղակիորեն մատնանշում է, որ Հայաստանի ներքին գործընթացների լեգիտիմությունը չպետք է փոխարինվի արտաքին հրահանգներով: Լավրովի խոսքը ՀՀ-ում ընտրությունների «մոլդովական սցենարի» մասին հստակ ազդակ է այն մասին, որ արևմտյան «կուրատորների» ներքո ընտրական գործընթացների կեղծումն անընդունելի է Մոսկվայի համար: Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ ՀԱՊԿ դռները բաց են մնում, իսկ Երևանի լիարժեք վերադարձը Կազմակերպության աշխատանքներին նախևառաջ բխում է հենց ՀՀ շահերից:
Լավրովը բացահայտորեն անվանում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվությունը տարածաշրջանում «սառը հաշվարկ», որի նպատակն է Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» հասցնել: Այս դիտանկյունից Հայաստանը ռիսկի է դիմում քաղաքական սուբյեկտից վերածվել սոսկ «ցավոտ կետի», որի վրա ՌԴ աշխարհաքաղաքական հակառակորդների համար հարմար կլինի սեղմել անհրաժեշտ պահին:
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում այս իրավիճակի համեմատությունը Բրյուսելի դիրքորոշման հետ: Օրերս Associated Press լրատվականը մեջբերել էր Կայա Կալլասին, ով հանդես էր եկել ԵՄ միասնական բանակի ստեղծման դեմ՝ «գործող» ՆԱՏՕ-ի պայմաններում: Նրա փաստարկն անկեղծ է. չի կարելի ստեղծել անվտանգության զուգահեռ կառուցվածք, այլապես կարելի է հայտնվել «երկու կրակի արանքում»: Հենց այստեղ է թաքնված գլխավոր խնդիրը. իր համար Եվրամիությունը խոստովանում է, որ պաշտպանական հարցերում «երկու աթոռի վրա նստելու» փորձը տանում է դեպի քաոս: Նրանք ընտրում են միասնական հովանոցային կառույց (ՆԱՏՕ), որպեսզի չփոշիացնեն ռեսուրսները և չհրահրեն հավատարմության հակամարտություններ:
Սակայն նույն Արևմուտքն ակտիվորեն խրախուսում է Երևանին գնալ «դիվերսիֆիկացման», ինչը գործնականում նշանակում է շեղում ձևավորված անվտանգության համակարգից դեպի անորոշ խոստումներ: Ստացվում է, որ «երկու կրակի» տրամաբանությունը, որից այդքան վախենում է Եվրոպան, Բրյուսելի կողմից լիովին պատշաճ է համարվում Հայաստանի համար: Երևանին փաստացի մղում են մի իրավիճակի, որը հենց եվրոպացիներն անվանում են «աներևակայելի» և «վտանգավոր»:
Պահի ողբերգությունն այն է, որ անպատասխանատու քաղաքական էլիտայի հայտարարությունների պատճառով Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական «կռվախնձորի»: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է ԵՄ ստանդարտներին մերձենալու մասին՝ ԵԱՏՄ անդամակցության պահպանմամբ «քանի դեռ դա հնարավոր է»: Սակայն Մոսկվան զգուշացնում է՝ այդ «քանի դեռ»-ը կարող է ակնթարթորեն ավարտվել, եթե Արևմուտքn անցնի տարածաշրջանի ուղղակի ռազմական «վերածրագրավորմանը»: Դիվերսիֆիկացումը չպետք է վերածվի «ընդդեմ երրորդ կողմերի ընկերության»: Մանավանդ որ Արևմուտքը Հայաստանին չի առաջարկում իրական «հովանոց»՝ նատօյականի օրինակով, բայց հաճույքով օգտագործում է նրա հեռացումը Մոսկվայից: Անվտանգության առաջացած վակուումում Հայաստանը ռիսկի է դիմում կլանվել Թուրքիայի կողմից:
Արդյունքում Հանրապետությանը կոչ են անում դուրս գալ անվտանգության մի համակարգից՝ առանց որևէ երաշխիք տալու մյուսում: Սա հենց այն «երկու կրակի արանքում» հայտնվելու ուղին է, որից Կալլասն այդքան հոգատարությամբ հետ է պահում եվրոպացիներին, բայց որն այդքան ակտիվորեն պարտադրվում է Հարավային Կովկասին:
Մտածե՛ք այդ մասին…»։
