Логотип

«ԱՆՊԱՐՏԵԼԻՆ»

Պետք է արժանին մատուցել վարչապետին. այդքան ձախողումներ է ունեցել, բայց հեչ պետքն էլ չէ։ Երբեք պարտված չի ճանաչի իրեն: Մեկ ուրիշն իր տեղը վաղուց շունչը փչած կլիներ, իսկ Նիկոլը տոկում է, նույնիսկ թմբուկ զարկել է սովորել։

Եթե մի կողմ թողնենք Հայաստանի և Արցախի համար ճակատագրական ձախողումներն անվտանգության ոլորտում, ապա ներքին քաղաքականության մեջ թերևս ամենամեծ ձախողումը դարձավ Հայ Առաքելական Եկեղեցին իր վերահսկողության տակ առնելու Փաշինյանի փորձը։ Վարչապետը կարևոր էր համարում դա ընտրությունների նախաշեմին, վստահ էր հաջողության մեջ։

ՀԻՇԵՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵՑ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։ Վարչապետը հույս ուներ, թե նման «բացահայտումը» մեծ աղմուկ կբարձրացնի, հասարակությունը կզայրանա, կպահանջի Կաթողիկոսի հրաժարականը։

Փաշինյանը ծրագրել էր հարցը լուծել ամառային մեկ-երկու ամիսների ընթացքում։ Սակայն աղմկում էին միայն վարչապետի մերձավոր թիմակիցները։ Չօգնեց նաև Բագրատ արքեպիսկոպոսի դեմ հապճեպ սարքած գործը, որը Փաշինյանի մտահղացմամբ պետք է ուժգնացներ «բացահայտման» ազդեցությունը։ Չօգնեցին նաև սոցցանցերում Փաշինյանի և Աննա Հակոբյանի, մեղմ ասած, ոչ կոռեկտ գրառումները։

Ինչպե՞ս արձագանքեց հասարակությունը՝ բացառությամբ «Քաղաքացիական պայմանագրի»։ Հասարակությունն ասաց. «Մենք չգիտենք՝ խախտել է Կաթողիկոսը կուսակրոնությունը, թե ոչ, բայց հաստատ գիտենք, որ ով-ով, բայց բնավ ոչ դու, այդքան դժբախտություններ բերածդ չէ, որ պիտի դատես Կաթողիկոսին, Փաշինյան։ Դու չէ, որ պիտի որոշես, թե ով լինի Կաթողիկոս, ով՝ ոչ։ Զբաղվիր քո գործերով, իսկ Կաթողիկոսին ընտրել է Ազգային-հոգևոր ժողովը՝ ողջ աշխարհից պատվիրակների կազմով, ուրեմն այդպես էլ պետք է լինի»։

Չհաջողվեց հեռացնել Կաթողիկոսին անցած ամառ, Փաշինյանը սկսեց սաղմոսներ սերտել, իսկ մերձավոր թիմից սկսեցին հավաստիացնել, թե աշնանը Կաթողիկոսը հաստատ կհեռանա։

Աշնանն էլ չստացվեց: Դեկտեմբերի սկզբին Փաշինյանի թիմը փսլինքներն էր շաղ տալիս հրճվանքից։ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը, տեղից վերկացած բոլորը շնորհավորում էին միմյանց. Կաթողիկոսի օրերը հաշված են։

Ճնշումն ուժգնացավ. հաջորդեցին Կաթողիկոսի մերձավորների և հարազատների նոր ձերբակալություններ։ Գործի դրվեց հերթական «բացահայտումը». իբր կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը, 1984-1986 թվականներին համագործակցել է ԿԳԲ-ի հետ… Փաշինյանը հույս ուներ, թե հիմա հաստատ հասարակությունը կվրդովվի ու կպահանջի, որ Գարեգին Բ-ն հեռանա։ Նույնիսկ ինչ-որ տեղեկանք ցուցադրեցին, որն իբր հաստատում էր «բացահայտումը»։ Հետո եղան բազմաթիվ մեկնաբանություններ, որ հաշվի առնելով տեխնիկական մի շարք մանրամասների անհամապատասխանությունը՝ այդ «տեղեկանքը» կեղծ է։ Բայց հարցը դա չէ, այլ այն, թե ինչպես արձագանքեց հասարակությունը: Իսկ նա ասաց. «Մենք չգիտենք՝ խորհրդային տարիներին համագործակցել է արդյոք Եզրաս արքեպիսկոպոսը ԿԳԲ-ի հետ, թե ոչ, բայց մենք հստակ գիտենք, որ ով-ով, բայց դու չէ, որ պիտի դատես, Նիկոլ, ավելի լավ է պատասխան տաս քո արածների համար»:

Համաձայնեք, հասարակայնության վերաբերմունքը Նիկոլի «բացահայտումներին» ուժգին հարված էր նրա ինքնասիրությանն ու հեղինակությանը։ Այդ թվում նաև՝ իշխող թիմի շարքերում։

Այո, միլիոնանոց պարգևավճարներով կարելի է շեղել թիմին ձախողումներից, բայց միայն որոշ ժամանակով։ Փաշինյանի հեղինակությունը չեն բարձրացնում ո՛չ միջազգային մրցանակները, ո՛չ էլ այն պարգևները, որ հանձնում են նրան Արցախի խնդիրը «լուծելու» համար։

Ժամանակները փոխվել են։ Ստորաքարշ բացականչություններ Փաշինյանի հասցեին կան, իսկ այ անկեղծ հիացականներ՝ չկան։ Նույնիսկ դիսկոտեկից հետո: Ինչպես արտահայտվել է սոցցանցերում օգտատերերից մեկը՝ «նրա ճակատին է պետք թմբուկ զարկել այդ փայտիկներով»։