Բագրատ սրբազանը մեկուսարանից դիմել է Christian Solidarity International-ի պատվիրակությանը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսին և Վաշինգտոնում անցկացվող Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին` խնդրելով, որ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ 3 բան փոխանցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այն է`
1. Հստակ փոխանցել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, որ ԱՄՆ–ն չի հանդուրժի Հայ առաքելական եկեղեցու շարունակական հալածանքները,
2. Կոչ անել 2 առաջնորդներին` ազատ արձակել իրենց քաղաքական բանտարկյալներին, հատկապես Բաքվում որպես պատանդ պահվող 20 հայերին և Հայաստանում ազատազրկված չորս հոգևորականներին ու եկեղեցու աջակիցներին,
3. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում որպես երկխոսության կողմ ներառել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին։
Բագրատ սրբազանը նշել է, որ քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև. Ադրբեջանի բռնապետը, որը Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ձգտում է Հայաստանը վերածել վասալ պետության։
«Այս ջանքերում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, որը կառուցում է ազդեցության գոտի՝ Իսրայելի սահմաններից մինչև Կասպից ծով։ Այս ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է Հայ առաքելական եկեղեցուն զրկել հասարակության մեջ անկախ խոսելու կարողությունից։ Ինչո՞ւ։ Հայ առաքելական եկեղեցին քրիստոնյա հայ ազգի կենտրոնական հենասյունն է։ Իր պատմության գրեթե ողջ ընթացքին այն եղել է ազգը միավորող միակ հաստատությունը։ Այն վերապրել է իրար հաջորդող բռնի հալածանքներ Օսմանյան Կայսրության, Խորհրդային իշխանությունների և Ադրբեջանի կողմից»,– նշել է նա։
Սրբազանը շեշտել է, որ այսօր Հայաստանի ազգային եկեղեցին կրկին հարձակման տակ է, հիշեցրել ադբեջանական խոսույթը, թե Հայ առաքելական եկեղեցին «խաղաղության խոչընդոտ» է։ Բագրատ սրբազանի կարծիքով` Ադրբեջանը որպես Հայաստանի հետ խաղաղության պայման պահանջում է, որ հայկական պետությունը զրկի եկեղեցուն ազգի կյանքում իր պատմական դերը կատարելու կարողությունից։
«Պատմության ընթացքում միշտ եղել են հայեր, անգամ հոգևորականներ, որոնք դարձել են եկեղեցու հալածիչների գործիքները։ Նրանք դա հաճախ արել են խաղաղության անվան տակ։«Խաղաղություն, խաղաղություն են ասում, մինչդեռ խաղաղություն չկա» (Երեմիա 8:11)։ Այդպես էր մարգարե Երեմիայի օրոք։ Այդպես է նաև այսօր Հայաստանում»»,–եզրափակել է սրբազանը:
Sputnik Արմենիա
