Ի պաշտպանություն քաղբանտարկյալների և Բաքվի բանտերում պահվող հայ գերիների` մի խումբ քաղաքացիներ, հոգևորականներ և ԱԺ պատգամավորներ ակցիա են անում Ազգային ժողովի դիմաց` իրենց խոսքը ուղղելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին, որն այս պահին Հայաստանում է։
«Մարդու իրավունքները մեր տարածաշրջանում դարձել են առևտրի առարկա, մենք պարտավոր ենք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին հիշեցնել, որ այցերն իմաստ ունեն միայն այն ժամանակ, երբ դրան հետևելու են գործողություններ, այլ ոչ թե մնալու են թղթի վրա` զեկույցների ձևով»,– ԱԺ–ի դիմաց հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ ՀՀ–ում ազատ խոսքը քրեականացված է, քանի որ այն մարդիկ, որ դեմ են այսօրվա իշխանությանը, հայտնվում են անազատության մեջ, ու այդ ամենն ուղեկցվում է եվրոպական կառույցների լուռ համաձայնությամբ։
«60–ից ավել քաղբանտարկյալ կա Հայաստանում, էս իրավիճակն արդեն հանդուրժելի չէ։ Մենք կոչ ենք անում երկակի ստանդարտներով չառաջնորդվել, գնահատական տալ Հայաստանում տիրող իրավիճակին, աչք չփակել, խուլ ու համր չձևանալ ու դրանով իսկ ավելի չխրախուսել, որ այս իշխանությունները շարունակեն օգտագործել ռեպրեսիվ համակարգը»,– ԱԺ–ի դիմաց ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Մոտ երկու ամիս առաջ «Gallup International»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել էր հարցման արդյունքներ, որոնց համաձայն՝ հարցվածների ավելի քան 60%-ը կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:
Հարցման մասնակիցներին խնդրել էին պատասխանել` ում են համարում քաղբանտարկյալ։ 64,9%–ը նշել էր գործարար Սամվել Կարապետյանին (այս պահին խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի), 36,2%–ը` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, 33%–ը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, 19,4%–ը` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, 4,7%–ը` բլոգեր Նարեկ Սամսոնյանին, 4,7%–ը` «Սրբազան պայքար» շարժման անդամ Լիդյա Մանթաշյանին (հարցման պահին կալանքի տակ է եղել), 3,2%–ը` բլոգեր Վազգեն Սաղաթելյանին, 2,9%–ը` Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին (այս պահին խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի), 1,4%–ը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան (հարցման պահին կալանքի տակ է եղել)։
Sputnik Արմենիա
