Логотип

Բաքվում ընթացող շինծու դատավարությունն ավարտվել է. հայտնի են դատավճիռները

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Բաքվի դատարանը քիչ առաջ հրապարակեց նրանց վերաբերյալ դատավճիռը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այսօր Բաքվի դատարանը հրապարակելու է 16 «մեղադրյալների» վերաբերյալ դատավճիռները։ Հիմա դատարանը շարունակում է ընթերցել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաբերյալ կայացված վճիռները։

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը և Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը նույնպես դատապարտվեցին ցմահ ազատազրկման։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նման դատավճիռ է կայացվել, քանի որ նրանց 65 տարին լրացել է, և Ադրբեջանի քրեական օրենսգրքի պահանջների հիման վրա նրանց նկատմամբ չի կարող ցմահ ազատազրկման ձևով պատիժ նշանակվել:

Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։

Sputnik Արմենիա