Логотип

Լավրով․ Մեզ համար տարօրինակ է, երբ լսում ենք հյուսիսից ՀՀ-ի դեմ միֆական վտանգների մասին

Ռուսաստանի համար տարօրինակ է լսել հայտարարություններ այն մասին, թե Հայաստանին ինչ–որ վտանգ է սպառնում հյուսիսից։ Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հատկապես խոսվում է ՀԱՊԿ–ի հետ կապված սպառնալիքների մասին։ Այս համատեքստում նաև փորձ է արվում կասկածի տակ դնել մեր համատեղ պատմությունը, Հայրենական մեծ պատերազմը»,– ընդգծել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը, անդրադառնալով Երևանից հնչող հիբրիդային սպառնալիքների մասին հայտարարություններին, նշել է, որ ԵՄ–ն Հայաստանին մշտապես ընտրության առաջ է կանգնեցնում՝ լինել Ռուսաստանի հետ, թե իրենց։

Լավրովը հույս է հայտնել, որ Հայաստանում շատ լավ հասկանում են, թե ինչ է այս ամենի հետևում կանգնած, երբ ԵՄ–ն բացահայտ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին և նպատակ է դրել ռազմավարական պարտության հասցնել ՌԴ–ին:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը գիտի Մոսկվայի հետ կապերը պահպանելու Հայաստանի պատրաստակամության մասին, սակայն դա Եվրամիությունում ոչ բոլորի սրտով է:

«Մենք Հայաստանի ղեկավարությունից հայտարարություններ ենք լսում Ռուսաստանի Դաշնության հետ կապի և համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու շահագրգռվածության մասին, մյուս կողմից տեսնում ենք, որ արտատարածաշրջանային երկրներից ոչ բոլորին է դա դուր գալիս»,– նշել է Լավրովը՝ ավելացնելով, որ Մոսկվան երբեք չի առարկում, երբ իր գործընկերներն այլ ուղղություններով արտաքին կապեր են զարգացնում։

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է նաև, որ Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ–ի հետ, բայց Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը:

Sputnik Արմենիա