Логотип

Լավրով․ Եռակողմ պայմանավորվածությունները թույլ կտան լուծել տրանսպորտային խնդիրները

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի` 2020–2022 թթ. եռակողմ պայմանավորվածությունները թույլ են տալիս լուծել տրանսպորտային խնդիրները Հարավային Կովկասում։ Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Տեսնում ենք, թե որքան բարդ է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այն խնդիրները, որոնք համաձայնեցվել են 2020–2022 թթ. ՌԴ–ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով, մեր համոզմամբ` պահպանում են իրենց արդիականությունը նախևառաջ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ բոլոր խնդիրները լուծելու համար»,– ասաց նա։

Լավրովի խոսքով` այդ որոշումներից Հայաստանը պետք է էապես շահեր, քանի որ պետք է հանվեին ողջ տարածաշրջանի բոլոր խոչընդոտները:

Նախարարը հստակեցրեց` Մոսկվան հիմա էլ պատրաստ է դրան։ Նա հիշեցրեց, որ երկու երկրների փոխվարչապետները պարբերաբար կապի մեջ են եղել ու հիմա էլ քննարկումներ անցկացվում են:

«Մեր փոխվարչապետները պարբերաբար կապի մեջ են և քննարկումներ են լինում այն որոշումների շրջանակում, որոնք կայացվել են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում` երկրների առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա»,– ընդգծեց Լավրովը:

Sputnik Արմենիա