Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու տարբեր միջազգային կառույցների լռությունը Հայաստանում խայտառակ գործընթացների՝ մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված, բայց անկախ նրանից, թե ԵԽ մարդու իարվունքների հանձնակատարը ինչ օրակարգով էր եկել, դա չխանգարեց ընդդիմության ներկայացուցիչներին բարձրաձայնել Հայաստանում առկա բոլոր խնդիրները՝ մարդու իրավունքների, եկեղեցու դեմ արշավի, քաղբանտարկյալների մասով։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Եթե հստակ ձևակերպենք, ինձ չի հետաքրքրում՝ ինքը ինչ օրակարգով է եկել, իր մանդատը ենթադրում է մարդու իրավունքների պաշտպանություն և մենք առնվազն բարձրաձայնեցինք Հայաստանում դրա խայտառակ ոտնահարումները։ Ցավոք իր պատասխանները, որոնք մեզ համար դժվար է գոհացուցիչ անվանել, ես բարձրաձայնել չեմ կարող՝ ֆորմատը հաշվի առնելով։ Նշեմ միայն, որ ընդդիմության ներկայացուցիչները հայցել էին առանձին հանդիպում հանձնակատարի հետ, որովհետև ամբողջ պատվիրակության հետ կարճատև հանդիպման պարագայում հնարավոր չի ներկայացնել այն բոլոր խայտառակ գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր երկրում»,–ասաց նա։
Մամիջանյանը զարմանք հայտնեց, որ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող նման բարձրաստիճան պաշտոնյան գալիս է և ասում է, որ այս պահին հետաքրքրված է ուսումնասիրել այս–այս ոլորտների մարդու իրավունքների խախտումները. «Դա չկանգնացրեց մեզ ներկայացնելու իրականությունը։ Թե այս, թե նախորդ բոլոր հանդիպումների ժամանակ, շատ հստակ ձևակերպումներ են տրվել եվրոպական կառույցներից եկող խոսույթի անընդունելիության մասին։
Ես չեմ կարող չհիշատակել վերջին հրապարակված զեկույցը, որի հետ հանձնակատարը որևէ ուղղակի կապ չունի, բայց այնուամենայնիվ օրինակ համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ բառացիորեն ես ասել եմ, որ այդ զեկույցի հրապարակումը ուղիղ ներգործության փորձ էր Հայաստանի ներքաղաքական կյանքին։ ԵԽ կանոնակարգերով նախընտրական տարում չի կարելի գալ մոնիտորինգային այցի, որովհետև դա կարող է դիտարկվել որպես ներգործություն ներքաղաքական խնդիրներին»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Անդրադառնալով ԵԽ հանձնակատարի այցի հնարավոր արդյունքներին, Մամիջանյանն ասաց. «Ելքերը այս հանդիպման կարող են շատ տարբեր լինել։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ունի տարեկան հաշվետվություն, դա գործիքներից մեկն է, ինքը ունի հայտարարության ֆորմատ»։
News.am
