Логотип

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԱՐՑԱԽՑԻ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆ. ԻՐԱՎԱԲԱՆԸ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ Է ՆՇՈՒՄ

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում կայացված դատավճիռները միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ միայն վիճահարույց են, այլև խորապես քաղաքական բնույթ ունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես գնահատեց իրավիճակը միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Ինչպես հայտնի է, Բաքվում ընթացող շինծու դատավարությունն ավարտվել է, և դատարանն այսօր հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով` դատական ակտերի ամբողջական բովանդակությանը ծանոթանալը կարևոր է, սակայն արդեն դատաքննության ընթացքից պարզ է դարձել, որ ներկայացված մեղադրանքների հիմքում քաղաքական նպատակներ են դրված։

«Ամբողջ դատավարության նպատակն իրավաբանորեն Արցախի անկախությունը հերքելն է՝ ցույց տալու համար, թե իբր ինչ–որ մի պահի Հայաստանը որոշում է կայացրել հարձակվել Ադրբեջանի վրա և օկուպացնել նրա տարածքի մի մասը՝ օգտագործելով տեղում գործող անօրինական զինված խմբավորումները»,– ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այդպիսի իրավական կառուցմամբ Ադրբեջանը փորձում է սեփական ագրեսիան ներկայացնել որպես օրինական ինքնապաշտպանություն, իսկ Արցախի ինքնապաշտպանությունը՝ անօրինական ագրեսիվ պատերազմ։

«Այսինքն՝ ստեղծվում է պատկեր, որ իրականում պատերազմը վարել է Հայաստանը, և դա է դատական ակտերի հիմնական նպատակը։ Երբ ուշադիր հետևում էի բովանդակությանը, թե վկաներն ինչ էին ընդհանրապես խոսում, սլաքները, պարզվում է, ուղղված էին Հայաստանի վրա։ Ինչո՞ւ։ Որպեսզի Ադրբեջանը քողարկի իր իսկ ագրեսիվ պատերազմը՝ ցույց տալով, որ իր նկատմամբ է ագրեսիվ պատերազմ վարել ոչ թե Արցախը, որը միջազգային սուբյեկտ չէ, այլ Հայաստանը, որը միջազգային սուբյեկտ է»,– նշեց նա։

Միջազգային իրավունքի մասնագետն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ եթե Ադրբեջանն իսկապես վստահ լիներ իր իրավական դիրքորոշման մեջ, վաղուց միջազգային ատյաններ կդիմեր Հայաստանի դեմ։

«Եթե Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանի կողմից իր դեմ վարվել է հարձակողական, ագրեսիվ պատերազմ, ապա ինչո՞ւ միջազգային տրիբունալ չի դիմում։ Իմ կարծիքով՝ չի դիմում, որովհետև միջազգային ատյանում չի կարող վերահսկել դատավարությունը։ Միջազգային տրիբունալում գործընթացը կարող է շրջվել հենց Ադրբեջանի դեմ՝ բացահայտելով Արցախի և Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան, ինչպես նաև բազմաթիվ խոշտանգումների փաստերը։ Հիշեցնեմ, որ սպասվում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ՝ 2016 թվականի դեպքերի շուրջ, որոնց Ադրբեջանը չի կարող արդյունավետ հակազդել»,– ընդգծեց մասնագետը։

Անդրադառնալով դատավճիռների բողոքարկման հնարավորությանը՝ Ղազարյանը նշեց, որ դա դատապարտյալների անքակտելի իրավունքն է, և Ադրբեջանում նման ընթացակարգ ձևականորեն գոյություն ունի։

«Բողոքարկումը կարող է հանգեցնել միայն ձևական փոփոխությունների, օրինակ` ցմահ ազատազրկման փոխարեն երկարատև ժամկետների նշանակման։ Թեպետ 20–25 տարվա ազատազրկումն, իրականում, գրեթե հավասարազոր է ցմահին` հատկապես հաշվի առնելով կալանքի պայմանները և արտաքին աշխարհի հետ կապի բացակայությունը»,– ընդգծեց Ղազարյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս դատական ակտի հիմքով ադրբեջանական կողմը դիմի միջազգային դատարան, Ղազարյանը պատասխանեց, թե լուրջ կասկածի տակ է Բաքվի դատարանում տրված ցուցմունքների իրավական արժեքը։ Նրա խոսքով՝ արդար դատաքննության իրավունքը չի հարգվել ոչ մի մեղադրյալի դեպքում։

«Կարելի է առնվազն հարյուր պատճառ նշել, թե ինչու այս դատավարության ընթացքում արդար դատաքննության իրավունքը չի պահպանվել։ Նման պայմաններում այդ դատավարության արդյունքները որևէ միջազգային տրիբունալում օգտագործելը լուրջ չի կարող համարվել։ Ոչ մի միջազգային տրիբունալ նման դատավարության արդյունքները չի ընդունի։ Անգամ վարույթ ընդունելու դեպքում գործընթացի ընթացքում նոր փաստեր կբացահայտվեն Ադրբեջանի դեմ, որ Ադրբեջանը կափսոսա, որ ինքը դիմել է ընդդեմ Հայաստանի որևէ միջազգային տրիբունալ։ Եվ նա չի կարող տրիբունալի անդամներին կաշառել, ինչպես կաշառում է Եվրոպայի խորհրդի քաղաքական գործիչներին. խոսքը դատարանի մասին է, որտեղ սովորաբար դատավորները որևէ նման սկանդալի մեջ չեն հայտնվում»,– ընդգծեց Արա Ղազարյանը։

Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հնարավոր վերադարձի մասին՝ Արա Ղազարյանը շեշտեց, որ իրավական մեխանիզմներ գոյություն ունեն, սակայն ամեն ինչ կախված է քաղաքական որոշումներից։

«Անգամ ծանր հանցագործությունների դեպքում միջազգային պրակտիկայում եղել են ներումներ և հայրենիք վերադարձի օրինակներ։ Հանձնման վերաբերյալ եվրոպական կոնվենցիան կա, որին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միացել են։ Այսինքն՝ մեխանիզմները կան, նույնիսկ եթե դիվանագիտական հարաբերություններ չկան։ Մի դատական գործով Եվրոպական դատարանը սահմանել է, որ նույնիսկ եթե դիվանագիտական հարաբերություններ չունեք, դուք պարտավոր եք գործակցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում։ Բացի այդ, կողմերը Քիշնևի կոնվենցիայի մասնակից են և այլն»,– մանրամասնեց նա։

Ղազարյանը հավելեց, որ հնարավոր են ներում շնորհելու, պայմանական վաղաժամկետ ազատման կամ դատապարտյալին իր հայրենիքում պատիժը կրելու մեխանիզմներ։ Այնուամենայնիվ, մասնագետն ընդգծեց, որ եթե տվյալ անձինք դիտարկվում են որպես քաղաքական պատանդներ, ապա նրանց վերադարձը մոտ ապագայում քիչ հավանական է, քանի որ մեղադրվում են ծանր, միջազգային հանցագործությունների մեջ։ Հնարավոր ցանկացած լուծում, ըստ Արա Ղազարյանի, պայմանավորված կլինի Հայաստանից պահանջվող լրացուցիչ երաշխիքներով։

Sputnik Արմենիա