Логотип

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով անհապաղ հեռանալ Իրանից

ԱՄՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը ցամաքային ճանապարհով՝ Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով՝ դա պատճառաբանելով երկրում անվտանգության խստացված միջոցառումներով, հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումներով, ճանապարհների փակմամբ, ինտերնետի արգելափակումներով և դեպի Իրան և այնտեղից թռիչքների սահմանափակումներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը։

«ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի շարունակական խափանումներ, նախատեսեն կապի այլընտրանքային միջոցներ և, եթե դա անվտանգ է, դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով Հայաստանով կամ Թուրքիայով հեռանալու հնարավորությունը», – նշված է ծանուցման մեջ։

Նշվում է, որ բաց է Հայաստանի ցամաքային սահմանն Ագարակ-Նորդուզ հատվածում։

Ըստ հաղորդագրության, Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են սովորական երթևեկության համար, հետևաբար, Իրանից շտապ հեռանալու կարիք ունեցողները պետք է այլ տարբերակներ դիտարկեն։

Բացի այդ, Իրանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել ցույցերից, ապահով վայր գտնել իրենց բնակության վայրում, ունենալ սննդի, ջրի և անհրաժեշտ պարագաների պաշարներ, լիցքավորված պահել հեռախոսը և հետևել նորություններին։

Նախատեսվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը փետրվարի 6-ին Օմանում բանակցություններ կանցկացնեն Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։