Логотип

«ՌԵՆՇԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ Է ԹՈՂԱՐԿԵԼ. ՏԵՂԱԲԱՇԽՈՂՆ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ

«Ռենշին» քաղաքաշինականներդրումային ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

«Ռենշին»-ն ավելի քան 24 տարվա պատմություն ունեցող քաղաքաշինականներդրումային ընկերություն է, որը գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատում։ Ընկերությունը միջազգային հեղինակավոր գործընկերների հետ համատեղ իրականացնում է մի շարք խոշոր նախագծեր, այդ թվում՝ Artlife Kempinski Residences, Skyline, WTCY։

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՌԹԻՎ Ռենշինի ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը նշում է. «Նման գործիքների կիրառումը նպաստում է կապիտալի շուկայի և իրական սեկտորի միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդմանը, որտեղ ներդրումային ռեսուրսներն ուղղվում են իրական ակտիվների ստեղծմանը և երկարաժամկետ տնտեսական արժեքի ձևավորմանը։ Ռենշինի կողմից թողարկվող պարտատոմսերը ոչ միայն ներդրումային հնարավորություն են, այլև` քաղաքաշինության ոլորտում ֆինանսավորման այլընտրանքային գործիքների կիրառության ընդլայնման կարևոր խթան, որը կարող է նպաստել ներդրումային միջավայրի ակտիվացմանը»:

Թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծրագրային ծավալը կազմում է 10 միլիարդ ՀՀ դրամ, որի շրջանակներում թողարկվել է պարտատոմսերի 3 սերիա՝ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով.

· Սերիա 1 – 2,300,000,000 ՀՀ դրամ, 12% արժեկտրոնային եկամտաբերություն, 3 տարի շրջանառության ժամկետ

· Սերիա 2 – 10,000,000 ԱՄՆ դոլար, 8% արժեկտրոնային եկամտաբերություն, 3 տարի շրջանառության ժամկետ

· Սերիա 3 – 10,000,000 ԱՄՆ դոլար, 8․5% արժեկտրոնային եկամտաբերություն, 5 տարի շրջանառության ժամկետ

 Մեկ պարտատոմսի անվանական արժեքը դրամային պարտատոմսերի դեպքում կազմում է 1,000,000 ՀՀ դրամ, իսկ դոլարային պարտատոմսերի դեպքում` 10,000 ԱՄՆ դոլար: Ձեռքբերման նվազագույն քանակը դրամային պարտատոմսերի դեպքում 10 հատ է, դոլարային պարտատոմսերի դեպքում` 2 հատ: Բոլոր սերիաների դեպքում արժեկտրոնների վճարման պարբերականությունը 6 ամիս է:

Պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածն է 2026 թվականի փետրվարի 2-ից մինչ 2026 թվականի մայիսի 29-ը ներառյալ:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։

Տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։

 Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրի, թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում:

«Ռենշին» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հունվարի 21-ի թիվ 1/29 Ա որոշմամբ:

«Ռենշին»-ի մասին

«Ռենշին»-ը քաղաքաշինական-ներդրումային ընկերություն է, որի կողմից իրականացվում է շուրջ 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատում, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը գերազանցում է 1 մլրդ ԱՄՆ դոլարը։

2024թ. վերջի դրությամբ «Ռենշին» ընկերության ընդհանուր ակտիվները կազմել են 102.6 մլրդ ՀՀ դրամ, իսկ սեփական կապիտալը՝ շուրջ 20 մլրդ ՀՀ դրամ։