Логотип

Արտակ Զաքարյան․ Տարբեր երկրներից զենքի որոնումները բավարար չեն համակարգային պաշտպանություն կառուցելու համար

Սփյուռքին Հայաստանի քաղաքական կյանքից դուրս մղելու փորձը սխալ մոտեցում է։ Այս մասին փետրվարի 7-ին «Միասին» շարժման կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ Սփյուռքը և նրա դերը պետք է հստակորեն սահմանված լինեն Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ, ինչպես դա ամրագրված է մեծ սփյուռք ունեցող բոլոր երկրների համանման փաստաթղթերում։

Նա կարծում է, որ դրա հետ մեկտեղ Սփյուռքի և Հայաստանի համագործակցությունը պետք է վերանայվի և համապատասխանի այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել աշխարհում և տարածաշրջանում վերջին մի քանի տարիների ընթացքում։

«Բացի այդ, փաստաթղթերում պետք է արտացոլվի բանակի արդիականացման նոր հայեցակարգը, ինչն այսօր չկա։ Միայն տարբեր շուկաներից զենքի որոնումները բավարար չեն երկրի համակարգային պաշտպանությունը կառուցելու համար»,- ընդգծել է Զաքարյանը։

Նա նշել է, որ արտաքին քաղաքականությունը պետք է փոխվի այնպես, որ Հայաստանի հարցերը պարտադիր քննարկվեն հենց Հայաստանի մասնակցությամբ և ոչ թե առանց նրա, ինչպես դա հաճախ տեղի է ունենում ներկայումս։

News.am