Իրանը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ազատ տնտեսական գոտիների (ԱԶԳ) համագործակցության մասնագիտացված կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ տնտեսական համակարգման վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Նազերին։
Նրա խոսքով՝ առաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանն ու առևտրային արտոնությունների ներուժի առավելագույն օգտագործմանը։ Նազերին ընդգծել է, որ ազատ գոտիները նվազագույն մաքսային տուրքեր են նախատեսում, ինչը զգալիորեն նվազեցնում է բիզնեսի ծախսերը։
Իրանի ազատ տնտեսական գոտիներում արդեն գործում են օտարերկրյա ներդրողներին խրախուսող և պաշտպանող օրենքներ։ Առանցքային խթանները ներառում են5-10 տարվա հարկային արձակուրդ, հիմնական կապիտալի պահպանման և շահույթի դուրսբերման երաշխիքներ, ինչպես նաև ներդրումների մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգ։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ից՝ փոխարինելով 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին։ Սա նպաստում է Հայաստանի ազատ տնտեսական գոտիների (ներառյալ Մեղրիի ազատ տնտեսական գոտին) և Իրանի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության զարգացմանը՝ պարզեցնելով առևտուրն ու արդյունաբերական և լոգիստիկ կապեր ստեղծելով տարածաշրջանում։
Sputnik Արմենիա
