Իշխանությունները Հայ առաքելական եկեղեցու դեմ տարբեր քրեական գործերով փորձում են հասնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ գործ հարուցելուն: Այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ կա հասնել այնպիսի իրավիճակի, որ Վեհափառ հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն ու տանեն առաջ: Մինչև հիմա չեն կարողացել գտնել մի այնպիսի իրավիճակ, որ կարողանան վարկաբեկել ու կալանավորել այնպես, որ հանրությունը խիստ չարձագանքի: Բազմաթիվ փորձեր են եղել, որոշների մասին չեմ կարող խոսել, բայց իրենք հաջողության չեն հասել»,- ասաց Զոհրաբյանը:
Փաստաբանի կարծիքով՝ իշխանության երազանքն է կաթողիկոսի դեմ գործ հարուցելը, սակայն դա այդքան էլ հեշտ չէ: Նրա խոսքով՝ նման գործերից է նաև Արման Սարոյանի հայցն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: Զոհրաբյանի խոսքով՝ հենց Սարոյանի հետ կապված դատական որոշման պատճառով է Քննչական կոմիտեն գործ հարուցել 6 եպիսկոպոսի և մեկ քահանայի նկատմամբ՝ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու համար:
«Արման Սարոյանը կարողացել է փոխանցումներ կատարել Հայ առաքելական եկեղեցուն պատկանող բանկային հաշիվներից, բայց նման իրավունք չուներ, քանի որ ներկայում ո՛չ պաշտոն է զբաղեցնում, ո՛չ էլ հոգևորական է:Հիմա վաղը, եթե այս հարցով Սարոյանը պարտվի, ո՞վ է պատասխան տալու այդ ֆինանսական կորուստների համար: Դատարանը, Պանդորայի արկղը բացելով, լուրջ փաստի առաջ է կանգնեցրել բոլորին: Պատմական քայլ է կատարել դատավորը, քանի որ դարերի ընթացքում չենք ունեցել դեպք, որ դատարանը ներխուժի եկեղեցու ինքնակառավարման և կարգապահական տիրույթ»,- ասաց Զոհրաբյանը:
Sputnik Արմենիա
