Логотип

Պապոյան․ ԱՄՆ մաքսատուրքերի հարցը կքննարկվի Վենսի հետ հանդիպմանը

Այն, որ Իրանի հետ առևտուր անող երկրները ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների դեպքում պետք է վճարեն 25% մաքսատուրք, սա լուրջ խնդիր է Հայաստանի համար, և այս հարցը քննարկվելու է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցի ժամանակ։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ առևտուր անող երկրները պետք է 25% մաքսատուրք վճարեն ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների դեպքում։

«Միանշանակ այս հարցը քննարկվելու է Վենսի հետ հանդիպմանը, քանի որ մոտ 500 մլն դոլարի արտահանում ենք ունեցել 2025 թ. դեպի ԱՄՆ։ Մեր արտահանման մեջ կան ապրանքներն, որոնք այս Թրամփի հրամանագրի արդյունքում իրենց մրցունակությունը կկորցնեն»,– ընդգծեց Պապոյանը։

Նա նշեց, որ Թրամփի հրամանագրի մասին իմացել է մամուլից, և էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնական որևէ հաղորդագրություն չի ստացել ԱՄՆ–ից։

Նախարարն ընդգծեց` Վենսի այցը հակաիրանական որևէ տարր չի պարունակում։

Թեև Պապոյանը Վենսի հետ բանակցություններին չի մասնակցելու, սակայն վստահեցնում է, որ նրա հետ բանակցությունների օրակարգում շատ ավելի կարևոր ու հետաքրքիր այլ հարցեր ևս կան։

«Նշենք, որ այս պահի դրությամբ Որոտանի հիդրոկասկադի 120 մլն դոլար վարկային ներդրումն է ընթացի մեջ, գումարած «Թրամփի ուղին»` մոտ 200 մլն դոլարի ներդրումով, «Էնվիդիան»` ավելի քան 500 մլն դոլար ներդրումով, գումարած ատոմային էներգետիկան։ Այսինքն` շուրջ մեկ միլիարդ դոլարի ներդրումներ կան, որոնք շոշափելի են, ու մի մասն էլ ընթացքի մեջ է։ Սա աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ»,– հայտարարեց Պապոյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը դժվարացավ ասել` արդյոք Վենսի պաշտոնական այցի ժամանակ կքննարկվեն մասնավորապես Սյունիքի մարզում օգտակար հանածոների, ինչպես նաև ուրանի հանքերի թեմաները։ Նա նշեց` այս հարցերի հետ կապված մանրամասների չի տիրապետում։

«Նոր ներդրումային հնարավորություններ հնարավոր են և ցանկալի են շատ։ Պարոն փոխնախագահը թող գա, բանակցությունները ցույց կտան»,– ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է «Թրամփի ուղու» հետ կապված քննարկումներին, Պապոյանն ասաց, որ այդ առումով մենք արդեն մտել ենք առարկայական փուլ։

«Ընդամենը Վենսի հետ քննարկելու ենք այս առարկայական փուլն ամրագրելու հարցերը, վերջին դետալները հաստատենք ու անցնենք առաջ։ «Թրամփի ուղին» արդեն իսկ մտել է առարկայական փուլ, և ոչ մեկն էլ չի կարող խանգարել այս ծրագիրը»,– շեշտեց նախարարը։

Հիշեցնենք` այսօր` փետրվարի 9-ին, պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ Երեկոյան տեղի է ունենալու Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որից հետո նրանք հանդես են գալու հայտարարություններով։

Sputnik Արմենիա