Логотип

ՔԿ․ Զինվորին դաժան ծեծի ենթարկելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՊՆ զորամասին հարակից տարածքում պայմանագրային զինծառայողին խմբակային դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիա-ին հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն»,- նշեց Ավդալյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, ժամը 20։30-ի սահմաններում պայմանագրային զինծառայողի են դաժան ծեծի ենթարկել։ Զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Նա ծանր վնասվածքներ է ստացել դեմքի, այդ թվում՝ աչքերի հատվածում։

Դեպքի փաստով ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին։

Հավելենք, որ զինծառայողը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ․-ն է, որը Նուբարաշենի զորամասում է ծառայում։