Логотип

Համահայկական հասարակական դաշինքը հայտարարել է իր ստեղծման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համահայկական հասարակական դաշինքը հայտարարել է իր ստեղծման մասին։ Այս մասին հայտարարվել է փետրվարի 9-ին կայացած հանդիպման ժամանակ։

Դաշինքի ստեղծման գաղափարը պատկանում է արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանին։ Կազմակերպության աշխատանքներում ներգրավված են տաղանդավոր երիտասարդներ, կարևոր դեր է վերապահված կանանց։ Դաշինքին միացել են մտավորականության ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներ, զինվորականներ և Սփյուռքի ներկայացուցիչներ։ Դաշինքը կրելու է վերքաղաքական և վերկուսակցական բնույթ, իսկ ընտրությունների նախաշեմին դրա ստեղծումը լոկ զուգադիպություն է։

Ներկայացնելով դաշինքի սկզբունքներն ու մոտեցումները՝ Ռուբեն Կարապետյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է համատեղ փնտրել այն իրավիճակից դուրս գալու ելքը, որում հայտնվել է երկիրը և որևէ կուսակցություն կամ ուժ ի զորու չէ միայնակ դուրս գալ ստեղծված ճգնաժամից։ «Մարտահրավերներն ու սպառնալիքները բազմաթիվ են։ Միաբանությունը փրկության միակ միջոցն է։ Անհրաժեշտ են արագ և համակարգային փոփոխություններ, որոնք կունենան երկարաժամկետ արդյունք և պետք է գործել որպես միասնական մարմին», – հայտարարել է Կարապետյանը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին պետական օրգանիզմ են ներարկվել օտարածին տարրեր, որոնք քայքայում են իմունիտետը։ Հետևաբար, անհրաժեշտ է միասնական պատասխան, այլ ուղի չկա, ընդ որում՝ ազգային արժեքների վրա հիմնված պատասխան։ «Հայաստանին մոտ ժամանակներս սպասվում են բախտորոշ ընտրություններ։ Դաշինքը վերկուսակցական կազմակերպություն է։ Մեր կողմից ձևավորվել են 6 հիմնական սկզբունքներ, որոնցով աշխատելու ենք իշխանության ձգտող ուժերի հետ», – հայտնել է Կարապետյանը։

Սկզբունքները հանգում են հետևյալին. ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող լինել սակարկության առարկա, սահմաններն ու պատմական տարածքները պետք է պաշտպանված լինեն, իսկ կառավարության ցանկացած որոշում և գործողություն պետք է բխի ժողովրդի շահերից։ Գլոբալացման պայմաններում ՀՀ կառավարությունը պետք է ամրապնդի ազգային և կրոնական արժեքները։ Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) մնում է բարոյականության հենասյունը. կառավարությունը պետք է հաստատի արդյունավետ և արդար հարաբերություններ ՀԱԵ-ի հետ՝ միևնույն ժամանակ բացառելով Եկեղեցու գործերին միջամտությունը։ Պաշտպանել արցախցիների վերադարձի իրավունքը։ Արցախի հարցը պետք է լինի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ ՀՀ-ն պետք է շարունակի Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը, Թուրքիայից և Ադրբեջանից պահանջի հատուցում Ցեղասպանության, էթնիկ զտումների և ռազմական հանցագործությունների համար։ Սփյուռքն ազգի անբաժանելի մասն է. ՀՀ կառավարումը պետք է լինի այնպիսին, որ Սփյուռքին հնարավորություն տա մասնակցել պաշտպանությանը, զարգացմանը և կառավարմանը։ Դաշինքը մտադիր է մոտ ժամանակներս լսումներ անցկացնել արտաքին քաղաքականության, սահմանադրության և անվտանգության հարցերի վերաբերյալ։

Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն անդրադարձել է Դաշինքի ստեղծման կարևորությանը պատմական տեսանկյունից։ Նա արձանագրել է, որ ժողովուրդը վնասված է և ինչպես ցույց է տալիս պատմությունը, վերելքներն ու անկումները կապված են հենց հասարակության հոգեբանական վնասվածքների հետ, իսկ արևմտյան երկրների հետ կապելու փորձերը՝ անտեսելով միավորման անհրաժեշտությունը, ունենում են աղետալի հետևանք։ «Մեր թշնամիների համար միևնույն է՝ դու իշխանությո՞ւն ես, թե՞ ընդդիմություն։ Կոշտ վերաբերմունքը թելադրված է նրանով, որ դու հայ ես», — նշել է Մելքոնյանը՝ հավելելով, որ պետք է վերջ դնել հասարակության պառակտվածությանը։

Ներկայացումներից հետո հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով։

News.am