Ռուսաստանն աշխատում է Եվրասիայում միասնական անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ աշխատում ենք Եվրասիական տարածքում հավասար և անբաժանելի անվտանգության և ընդարձակ գործնական համագործակցության ճարտարապետություն ստեղծելու ուղղությամբ», – ասել է նա Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ հղած տեսաուղերձում։
ՌԴ նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է փոխըմբռնման, վստահության և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված ազնիվ միջազգային համագործակցության հաստատմամբ։
«Այս առումով հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ համաձայնագրերի կնքմանը և իրականացմանը։ Դրանց թվում են Բելառուսի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ մեր համաձայնագրերը և ԿԺԴՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին մեր համաձայնագրերը», – հավելել է նա։
Դիվանագիտական աշխատողի օրը Ռուսաստանում ամեն տարի նշվում է փետրվարի 10-ին։ Այս մասնագիտական տոնը սահմանվել է ՌԴ նախագահի հրամանագրով 2002 թվականին։ Այդ օրը մեծարում են ԱԳՆ–ի աշխատակիցներին, Ռուսաստանի դիվանագիտական առաքելություններին և դիվանագիտական ծառայության վետերաններին։
Sputnik Արմենիա
