Որոշ քաղաքական գործիչների կողմից ագրեսիվ ծրագրերի և Եվրոպայի վրա հարձակվելու մտադրության վերաբերյալ ՌԴ–ի հասցեին հնչող մեղադրանքները հակասում են համաշխարհային պատմության դասերին և առողջ բանականությանը։ Պուշկինի լեռնանցքում տոնական հավաքի ժամանակ այս մասին հայտարարել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը։
Տիտովը հիշել է նշանավոր ռուսաստանցի դիվանագետ Կառլ Նեսելրոդեին, որը 1852 թվականին ի պատասխան սպառնալիքների և ճնշման միջոցով հարևան պետության հետ առևտրային հարաբերություններ հաստատելու վերաբերյալ այն ժամանակվա զորահրամանատարներից մեկի առաջարկի գրել է. «Մենք պետք է զերծ մնանք ցանկացած անբարեհաճ գործողությունից՝ ձգտելով հասնել բաղձալի միասնության բանակցությունների և խաղաղ ճանապարհով։ Հարևան երկրին մեր պահանջներին համաձայնելու համար առաջարկվող մեթոդը չի համապատասխանում մեր խաղաղ նպատակներին»։
Գլխավոր հյուպատոսի խոսքով՝ հենց նման պատմական հիմքի վրա է կառուցվել և շարունակում կանգուն մնալ ռուսական դիվանագիտությունը։ Եվ այս մոտեցումով են միշտ առանձնացել Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները։
«Մեր մասնագիտական տոնի առթիվ մենք, նախևառաջ, հարգանքի տուրք ենք մատուցում մեր նախորդներին, որոնք հիմք դրեցին մեր արտաքին քաղաքականության ավանդույթներին, մեր հերոս գործընկերներին, որոնք զոհվեցին հայրենիքը պաշտպանելիս և իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, ինչպես նաև բոլոր դիվանագետներին, որոնք ազնվորեն և նվիրվածությամբ կատարել և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները», – նշել է Տիտովը։
Հավաքը նվիրված էր Դիվանագետի օրվան։ Վայրը պատահաբար չի ընտրվել։ Հենց այստեղ՝ Հայաստանի հյուսիսային Լոռու մարզում, ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը դիմավորեց մեկ այլ մեծ ռուս գրող և դրամատուրգի՝ դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը, որին սպանել էր կատաղի ամբոխը Թեհրանում։ Ավանդաբար, ամեն տարի այստեղ հիշատակի միջոցառումներ են անցկացվում։ Դրանց մասնակցում են դիվանագետներ, Ռուսական տան ղեկավարությունը, քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ և ՌԴ հայրենակիցներ։
Տիտովը նշել է, որ Գրիբոյեդովն իրավամբ համարվում է հայ ժողովրդի բարեկամը. նա անկեղծորեն կարեկցել է հայերի ճակատագրին, և, որպես դիվանագետ, հետևողականորեն պաշտպանել է հայ ազգի իրավունքները 19-րդ դարի սկզբի ռուս-պարսկական հարաբերությունների դժվարին շրջանում։
Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո նա ակտիվորեն զբաղվել է հայերի պաշտպանության և վերաբնակեցման հարցերում՝ չընկրկելով ճնշումների առջև։ Գրիբոյեդովի մահը Թեհրանում մեծապես պայմանավորված էր նրա անսասան դիրքորոշմամբ և հայերի պաշտպանությանը կանգնելու պատրաստակամությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ նրա արարքների անսասանությունը նրան ատելության և բռնության թիրախ էր դարձնում։ Նրա ողբերգական մահը հիշեցում է այն մասին, թե ինչ գնով է հաճախ տրվում հայրենիքին ծառայելը դիվանագիտական աշխատողին։
Sputnik Արմենիա
