Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը՝ չնայած արտաքին ցնցումներին: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Նրա խոսքով` Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները թևակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր շրջափուլ՝ աշխարհաքաղաքական տուրբուլենտության ֆոնին, որն իր վրա զգում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը:
«Առկա մարտահրավերների հաղթահարումը երկու կողմերից պահանջում է երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստություն՝ երկկողմ փոխգործակցության կուտակված արդյունքը պահպանելու և բազմապատկելու համար»,- նշել է նա:
Դեսպանը կարծում է, որ այս ուղղությամբ աշխատանքներին նպաստել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս Մոսկվա կատարած այցը:
Կոպիրկինը վստահեցրել է՝ Ռուսաստանը լիովին շահագրգռված է, որը Հայաստանը լինի ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ: Նա համոզված է, որ դրան արդյունավետորեն նպաստում է երկրի լիիրավ մասնակցությունը Մոսկվայի հետ համատեղ ինտեգրացիոն միավորումներին։ Որպես օրինակ` ԵԱՏՄ անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ։
Նա ընդգծել է, որ ավանդաբար շարունակել են ակտիվ լինել մշակութային-հումանիտար և միջմարդկային շփումները: Հատկանշական է, որ ռուսաստանցիներն առաջատար են Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։
Կոպիրկինը նշել է` երկու ժողովուրդների բարեկամությունը երկրներին փոխանցել են նախնիների սերունդները, այնուհետև այդ բարեկամությունն ամրացել է դարերի ընթացքում փառավոր ընդհանուր հաղթանակներով և համատեղ ստեղծագործ աշխատանքով, զոդվել են սերտ միջմարդկային կապերով:
Միաժամանակ այսօր աշխարհում տեղի են ունենում նախկին աշխարհակարգի «տեկտոնական» փոփոխություններ, որոնք հիվանդագին անցում են կատարում դեպի բազմաբևեռ համակարգ։ Ի հայտ են գալիս քաղաքական ազդեցության, տնտեսական աճի, տեխնոլոգիական և ֆինանսական ազդեցության նոր կենտրոններ։ Եվ չնայած դեռ վաղ է խոսել ապագա համաշխարհային ճարտարապետության պարամետրերի մասին, սակայն դրա հիմքում պետք է դրվի իսկական իրավահավասարությունը, փոխհամաձայնության մշակույթը և փոխադարձ շահերը հաշվի առնելը։ Ըստ նրա՝ նոր տիպի բազմակողմանի ասոցիացիաները՝ ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը, առաջնորդվում են այս սկզբունքներով:
Նա հավաստիացրել է, որ մնացած աշխարհի հետ հաշվի չնստող հավաքական Արևմուտքի դարաշրջանն ավարտվել է, և պատմական այս գործընթացը կասեցնել հնարավոր չէ։
Sputnik Արմենիա
