Այն, որ քրիստոնյա ջերմ հավատացյալ Վենսը չօգտվեց Հայաստան կատարած այցից, որպեսզի այցելի Սուրբ Էջմիածին և Գարեգին Բ Կաթողիկոսին, հասկանալի է: Չցանկացավ նեղացնել Նիկոլ Փաշինյանին։
Բայց այ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ջեյ Դի Վենսը որոշեց այցելել և իր այդ ցանկությունը պնդեց։ Եվ այդժամ պարզվեց, որ Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունից ԱՄՆ փոխնախագահին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղեկցող չկա։
ԻՆՔԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՊԱՐԶՎԵՑ, ՊԻՏԻ ԼՍԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ։ Նախագահ Խաչատուրյանը ծրագրված հանդիպում ուներ Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ՝ վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:
Շատ զբաղված էին նաև մյուսները. և՛ ԱԳ նախարարը, և՛ կառավարության ղեկավարի տեղակալները, և՛ ԱԺ նախագահն իր տեղակալներով, և՛ քաղաքագլուխը։ Գտան միայն կրթության նախարար Ժաննա Անդրեասյանին։ Նա էլ ջանում է առանձնակի չերևալ Հուշահամալիրում: Ահա այսպես խիստ նեղացավ Փաշինյանը Վենսից՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու նրա համառ ցանկության համար։
Սոցցանցերում արդեն կատեգորիկ մեկնաբանություններ կան, որ «թուրքի սապոգը լիզող» Նիկոլն այլ կերպ չէր էլ կարող վարվել։ Իշխող թիմն, իհարկե, կհակաճառի, բայց ոչ այնքան եռանդագին, քանզի վարչապետն ինքն է նման պնդումների առիթ տալիս։
Հիշեցնենք, որ նախկինում, ի դեպ՝ Նիկոլի օրոք նույնպես, արտասահմանից ժամանած բարձրաստիճան պատվիրակություններին ուղեկցում էր պետական պաշտոնյաների մի ամբողջ կոհորտա։ Ավանդույթ կար, որ օտարերկրյա պատվիրակության ղեկավարը եղևնի տնկի Հիշողության պուրակում… Ե՛վ որպես հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին, և՛ որպես հիշողություն Հուշահամալիր իր այցելության մասին:
Բայց այդ ավանդույթը ստեղծվել էր նախկին իշխանության կողմից, երբ Հայաստանն իսկապես հպարտ երկիր էր՝ հպարտ քաղաքացիներով։ Հիմա ոչ մի եղևնու մասին խոսք անգամ չկա։ Եվ ի տարբերություն իր կառավարման առաջին տարիների՝ Փաշինյանն իր համաքաղաքացիներին այլևս չի անվանում «հպարտ». իրականության հետ չի կապակցվի։
Պետք է ենթադրել, որ Ջեյ Դի Վենսը պատշաճ ուղեկցություն չի ունեցել, քանի որ Փաշինյանը վախենում է, որ Էրդողանն ու Ալիևը կարող են նեղանալ։ Վարչապետն այժմ ապրում է ընտրությունների մասին մտքերով և բոնուսներ ակնկալում Ալիևից ու Էրդողանից։ Բա որ հանկարծ Էրդողանը նեղանա՞ Վենսի Ծիծեռնակաբերդ կատարած այցի պատճառով, բռնի ու չբացի սահմանը Ռուբեն Ռուբինյանի հերթական զբոսաշրջային սեզոնին:
Այն, որ Նիկոլը նսեմանում է Էրդողանի ու Ալիևի առաջ, իր գործն է։ Բայց նա իր երկիրն էլ է հասցրել այնպիսի վիճակի, որ ԱՄՆ փոխնախագահը նույնիսկ ջնջեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու մասին իր գրառումը X սոցցանցում։ «Այսօր ԱՄՆ փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը մասնակցել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողությանը՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակին»:
Գրառումը մնաց մի քանի ժամ և ջնջվեց: Պետք է ենթադրել՝ որպեսզի Փաշինյանը շատ չվշտանա։ Որոշ ժամանակ անց Վենսի մամլո քարտուղար Վան Քիրքը հրապարակեց հետևյալ գրառումը. «Հայաստան կատարած այցի վերջին օրը ԱՄՆ փոխնախագահը և երկրորդ տիկինը ծաղիկներ են դրել Անմար կրակի մոտ և գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում»:
