Логотип

Երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի ՀՀ օրհներգը. նախարարը մանրամասնեց

ՀՀ–ում պետական և արարողակարգային միջոցառումների ժամանակ օրհներգը պետք է լինի կենդանի կատարմամբ, որը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային+երգչախմբային, երգչախմբային տարբերակներով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ներկայացնելով նախագիծը` ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, թե երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի ՀՀ օրհներգը, որպեսզի միասնական ստանդարտի կիրառումը ունենա միանշանակ ձևակերպում և միանշանակ գործածում։

Ըստ այդմ` ոչ պետական միջոցառումների ժամանակ կթույլատրվի օգտագործել պաշտոնական ձայնագրությունները։

Նախարարն ընդգծեց` օրհներգը պետք է ներկաները լսեն հոտնկայս` աջ ձեռքը կրծքին դրած։ Այս դեպքում միակ բացառությունը կլինի անձի ֆիզիկական սահմանափակումների դեպքում, երբ օբյեկտիվ անհարամարությունների դեպքում անձը չի կարող դա անել։

Ինչ վերաբերում է մանկապարտեզներում, դպրոցներում, ուսումնական քոլեջներում օրհներգի կատարմանը, ապա այն պետք է հնչի ուսումնական շաբաթվա սկզբին և հաստատության սաների կենդանի կատարմամբ։

«Պետական կարևոր խորհրդանիշը, ինչպիսին օրհներգն է, պետք է դառնա կրթական ամենացածր օղակից երեխաների ամենաառաջին գիտելիքներից մեկը, և այն ոչ թե ուղղակի տեքստ կամ երաժշտություն կդառնա, այլ նաև նրանց կողմից կատարվող ծես` դառնալով պետականության գիտակցման ամրապնդման շատ կարևոր մի ուղենիշ»,– հայտարարեց Անդրեասյանը։

Այս առումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմից մի առաջարկ ներկայացրեց։

«Երբ մանկապարտեզների և դպրոցների դեպքում ասում ենք, որ կարող են օրհներգը երեխաները կատարեն, պետական հիմնարկներում նույնպես կարող են երգչախմբեր լինել, որոնք կարող են պետական օրհներգը կատարել։ Դա, իհարկե, շատ գեղեցիկ կլինի, թեև հասկանում եմ, որ այդտեղ երգելու ունակության և տաղանդի հարց կա, սակայն սա մի յուրօրինակ էլեմենտ կլինի պետական համակարգի` երբեմն միօրինակ առօրյայի մեջ»,– հայտարարեց վարչապետը։

Նրան բարկացրեց նաև այն, որ հայաստանյան հեռուստաալիքներով անընդհատ պտտվում է ՀՀ օրհներգի հին տարբերակը։

«Լավ, ինչքան կարելի է. այն պետք է փոխել։ Չեմ հասկանում մեր հեռուստաընկերությունները գումար չունե՞ն, որ գոնե երկու տարին մեկ անգամ թարմացնեն այդ հոլովակը։ Սա վերաբերմունք է, չէ՞։ Դա նույնն է, որ 10 տարի նոր շորով ման գանք»,– նշեց Փաշինյանը։

Նախարարը նշեց, որ հոլովակի սցենարային առաջարկն արդեն իսկ կա ու առաջիկայում այն պատրաստ կլինի ու կսկսի կիրառվել։

Հիշեցնենք, որ 2025–ի մարտի 5–ին ՀՀ ԱԺ–ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով փոփոխության ենթարկվեց օրհներգի տեքստը։ Օրինագծով ՀՀ օրհներգի վերջին քառատողը պետք է դառնա 2–րդ, իսկ 2–րդ և 3–րդ քառատողները համապատասխանաբար պետք է դառնան 3–րդ և 4–րդ. «Նայիր նրան երեք գույնով` նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»։

Sputnik Արմենիա