Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Առանձնակի մտահոգություն է առաջացնում Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը բնութագրվում է հին, չլուծված հակասությունների և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների համադրությամբ։ Դրան զգալիորեն նպաստում են Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու արևմտյան երկրների փորձերը», – նշել է նա։
Սերդյուկովը նշել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է անկանխատեսելի։ Արևմտյան երկրները ձգտում են երկարաձգել ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև Եվրոպայի ակտիվ ռազմականացում է տեղի ունենում։
«2025 թվականը բնութագրվում էր աշխարհաքաղաքական լարվածությամբ և ՀԱՊԿ տարածաշրջաններում իրավիճակի սրմամբ՝ կապված ՀԱՊԿ երկրներին անկայունության գոտիների մոտեցմամբ», – ասել է նա։
«Արագացված տեմպերով շարունակվում է Եվրոպայի ռազմականացումը, որը ակնհայտորեն ուղղված է Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստմանը։ Այդ նպատակով ակտիվորեն ընդլայնվում է կոալիցիոն զորքերի ներկայությունը ՀԱՊԿ երկրների անմիջական հարևանությամբ, ինչպես նաև իրականացվում տարածքների օպերատիվ կահավորում և համապատասխան ենթակառուցվածքների կատարելագործում», – հայտարարել է ՀԱՊԿ շտաբի պետը։
2026 թվականին Ռուսաստանն է նախագահում ՀԱՊԿ-ում։ Ընթացիկ տարվա հաստատված ծրագրի համաձայն` նախատեսվում է անցկացնել 60 համատեղ և օպերատիվ պատրաստության միջոցառում, այդ թվում՝ 8 հրամանատարաշտաբային և հատուկ զորավարժություններ։
Sputnik Արմենիա
