Логотип

Հայաստանում զբոսաշրջային գործունեությունը կիրականացվի միայն հավաստագրմամբ

Հայաստանը որդեգրում է զբոսաշրջության ոլորտի կարգավորման նոր մշակույթ, որտեղ թվայնացումն ու պարտադիր հավաստագրումը կդառնան մատուցվող ծառայությունների որակի և անվտանգության գլխավոր երաշխիքը։

Փետրվարի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով զբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտներն այսուհետ պետք է գրանցվեն Զբոսաշրջության կոմիտեի միասնական համակարգում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո ընկերությունները կստանան համապատասխան գործունեություն իրականացնելու իրավունքը հաստատող հավաստագրեր։

Այս փոփոխությունը նպատակ ունի պաշտպանել թե՛ միջազգային այցելուների, թե՛ ներքին զբոսաշրջիկների շահերը՝ ոլորտի բոլոր խաղացողների համար սահմանելով հավասար և թափանցիկ պայմաններ։

Գործընթացն ամբողջությամբ իրականացվելու է առցանց հարթակի միջոցով, ինչը համահունչ է պետական կառավարման համակարգի թվայնացման ռազմավարությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին շեշտեց, որ կարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է զբոսաշրջային հոսքերի զգալի աճով և այն հանգամանքով, որ սպառողներն ավելի հաճախ են ծառայություններից օգտվում հենց առցանց տիրույթում։

Նոր համակարգը թույլ կտա ապահովել մատուցվող ծառայությունների թափանցիկությունը և բարձրացնել Հայաստանի՝ որպես հուսալի զբոսաշրջային ուղղության հեղինակությունը համաշխարհային շուկայում։

Verelq.am