Ռուսաստանը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի հուսալի գործընկերը ատոմային արդյունաբերության ոլորտում։ Այս տարիների ընթացքում Ռուսաստանը աջակցել է դրա շահագործմանը և պահպանմանը։ Այս մասին շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Այս պահին մենք միասին աշխատում ենք կայանի շահագործման ժամկետը հերթական անգամ՝ մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ Հարցն այն է, որ, կներեք, այսպիսի հարցերի ու թեմաների հետ չեն կատակում։ Սրանք այնպիսի հարցեր չեն, որոնք կարելի է, գիտեք, այսօր հնչեցնել, վաղը սկսել դրանց համար գումար հավաքել, մյուս օրը, այսպես ասած, ինչ-որ հիմք գցել, իսկ հետո ուղղակի թողնել բախտի քմահաճույքին, ինչպես դա արեցին Ամերիկայում 2024 թվականին։ Սա էներգետիկ անվտանգության հարց է։ Հասկանո՞ւմ եք, եթե կլիմայական իրավիճակն այնպիսին լիներ, որ հնարավոր լիներ չջեռուցել, կամ, օրինակ, լինեին էներգիայի ստացման այլ աղբյուրներ, թերևս, այո՛, կարելի կլիներ դրան վերաբերվել առանց համապատասխան ուշադրության և պատասխանատվության։ Բայց մենք գիտենք, թե ինչ է օգնությունը, ինչ է այդ թվում մարդասիրական օգնությունը Հայաստանի ժողովրդին, ինչ է, չգիտեմ, նաև տաք հագուստի մատակարարումը, որի կարիքը մարդիկ ունեն, ինչ է օգնությունն այն ընտանիքներին, որոնք չեն կարողանում ստանալ ոչ թե հարմարավետ, այլ պարզապես տարրական պայմաններ։ Չէ՞ որ մենք նույնպես անցել ենք այս ամենի միջով»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանն աշխարհում միակ պետությունն է, որն օգտագործում է փոքր հզորության ԱԷԿ-ներ և գործընկերներին փորձարկված լուծումներ է առաջարկել բոլոր տիրույթներում. «Ցանկություն կա ինչ-որ կերպ դեռ հեռվից սկսել հետաքրքրվել նմանատիպ հարցերով: Խոսքը մեր ընդհանուր տարածաշրջանի մասին է: Խոսքը էներգետիկ անվտանգության մասին է, որի շուրջ, գիտեք, չի կարելի ուղղակի վերցնել ու գիծ քաշել՝ ասելով, թե սա հաստատ երբեք չի առնչվի ողջ տարածաշրջանի շահերին», – հավելել է նա:
News.am
