Логотип

Սամվել Կարապետյանը կլինի «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն

Սամվել Կարապետյանը կլինի «Հզոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ, հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Սիրելի հայրենակիցներ, ուժեղ Հայաստանին առաջին հերթին պետք է ուժեղ առաջնորդություն, նոր առաջնորդ կառավարչի հմտություններով։ Նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ։ Մեր առաջնորդը ծնվել է Հայաստանում, մեծացել է գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ Նա գալիս է ժողովրդից, կյանքում ու բիզնեսում հաջողության հասնելուց հետո երբեք չի մոռացել՝ որտեղից է եկել։ Նա ունի լավագույն միջազգային կապերը Հայաստանի համար և դրանք կօգտագործի ի շահ մեր երկրի։ Նա դա ապացուցել է գործով, ոչ թե խոսքով։ Նա աջակցել է հիվանդանոցների, կրթական հաստատությունների, մանկապարտեզների կառուցման մշակույթի զարգացման, աշխատատեղերի ստեղծման ծրագրերի և օգնել բազմաթիվ ընտանիքներ։

Այսօր մենք ներկայացնում ենք նոր այլընտրանք, այլընտրանք տնտեսության մեջ, անվտանգության մեջ, ուժեղ խաղաղության համար։ Այլընտրանք հայ ժողովրդի հույսի համար։

Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է»։

Նարեկ Կարապետյանը նաև խոստացավ, որ ընտրություններում հաղթելու դեպքում, ընտրություններից 20 օր անց, իրենք ԱԺ–ում 2/3 ձայներով փոփոխություն կկատարեն վարչապետի ընտրությանը վերաբերող Սահմանադրության 148–րդ հոդվածում, որը թույլ կտա ՀՀ ցանկացած քաղաքացու, այդ թվում Սամվել Կարապետյանին ընտրվել վարչապետ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երեկ՝ փետրվարի 11-ին, կայացել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որտեղ ընտրվել է կուսակցության նոր նախագահ և խորհուրդ։

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ։