Логотип

Կաթողիկոսի քրոջորդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվեց

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի քրոջ որդու` Մկրտիչ սրբազանի կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը»,–ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված էր 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։

Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի (հետագայում նա կարգալույծ արվեց` ստանալով իր ավազանի անունը` Ստեփան Ասատրյան)` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։

Sputnik Արմենիա