ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել իր իսկ հիմնադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի մասնակիցներին։
Դրանում Կարապետյանը նշել է, որ իրեն ձերբակալելով՝ իշխող խմբակը կարծում էր, թե մեկուսացնելով կստիպի ժողովրդի ձայնին լռել։ «Հիմա մեր ձայնն ավելի բարձր է հնչում, հիմա մենք ավելի ուժեղ ենք քան երբևէ։ Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացված դիրքերը վերականգնելու համար։ Ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափված է, քանի որ իշխանությունը ձախողել է ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, սոցիալական ոլորտը։ Տնտեսության վիճակը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ՝ աղքատ ենք ու խրված պարտքերի մեջ», – նշել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ բազմաթիվ դժբախտությունների պատճառ դարձած իշխանությունները խոսում են թույլ խաղաղության մասին։ Սակայն, շարունակել է Կարապետյանը, խաղաղությունն առանց ուժեղ պետության նշանակում է հանձնվել։ «Մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ուժեղ և արժանապատիվ խաղաղություն, աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել խաղաղություն աղերսելով, մենք կուժեղացնենք մեր բանակն ու պաշտպանությունը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանության ծրագրի մշակմամբ և դրա ներդրմամբ, որովհետև ուժեղ խաղաղությունը պահանջում է ուժեղ ու ժամանակակից բանակ», – հիշեցրել է վարչապետի թեկնածուն՝ չմոռանալով հիշատակել այն ահռելի պարգևավճարները, որոնք ներկայիս իշխանություններն իրենք իրենց համար դուրս են գրել բյուջեից։
Նա ընդգծել է, որ չի կարող անտարբեր նայել, թե ինչպես են հայրենիքը տանում դեպի աղետ։ Կարապետյանը հիշեցրել է, որ տասնյակ երկրներում ստեղծել է հազարավոր բարիքներ, իսկ իր բարի անունը թույլ է տվել հաստատել լավ կապեր, որոնք կուղղի հայրենիքին ու ժողովրդին ծառայելուն։ Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ նա նշել է, որ դրա հիմքում պետք է լինի մարտահրավերների խաղաղ և պրոֆեսիոնալ լուծումը։ ««Ուժեղ Հայաստանը» կուսակցության անվանում չէ, այլ խոստում, որը տալիս ենք համայն հայությանը, իսկ վաղը կդարձնենք իրականություն», – հայտարարել է Սամվել Կարապետյանը:
News.am
