«Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ «Մեր ձևով» շարժման նախաձեռնող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ մեխանիզմով Սամվել Կարապետյանը կարող է դառնալ Հայաստանի վարչապետ։
Նա, մասնավորապես նշեց. «Մեր Սահմանադրությունն ունի 148–րդ հոդված, որը սահմանում է, թե ով պետք է լինի մեր երկրի վարչապետը։ Իսկ ինչպե՞ս է փոփոխվում 148–րդ հոդվածը, փոխվում է Ազգային ժողովի կողմից։ Ազգային ժողովի միջոցով է լինելու, ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։
Որպեսզի վստահ լինեք մեր առաջարկի սահմանադրականության օրինականության մեջ, կուզենայի լսեինք մեր հայտնի սահմանադրագետների կարծիքը»։
Այնուհետև ներկայացվեց փստաբան, «Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Խամբարյանի, ՍԴ նախագահի նախկին տեղակալ Ալվինա Գյուլումյանի, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանի, սահմանադրագետ Վարդան Պողոսյանի տեսակետները։
Նարնք, մասնավորապես, նշեցին, որ Սահմանադրության 148–րդ հոդվածը, որը վերաբերում է վարչապետի ընտրության կարգին, կարող է փոփոխվել ԱԺ–ի կողմից։
Նշվեց, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե, ուստի այս հոդվածի փոփոխությունների համար անհրաժեշտ է Ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Նախաձեռնությունը տեղի ունենալու պարագայում նախագիծը դրվում է քվեարկության Ազգային ժողովում և այն պետք է հավաքի պատգամավորների ընդհանուր թվի 2/3–ի ձայները։
148-րդ հոդվածը չի մտնում 202 հոդվածի առաջին մասում սահմանված այն գլուխների և հոդվածների ցանկում, որոնց համար պարտադիր է հանրաքվեի անցկացումը։
Նարեկ Կարապետյանը խոստացավ, որ ընտրություններում հաղթելու դեպքում, ընտրություններից 20 օր անց, իրենք ԱԺ–ում 2/3 ձայներով փոփոխություն կկատարեն վարչապետի ընտրությանը վերաբերող Սահմանադրության 148–րդ հոդվածում, որը թույլ կտա ՀՀ ցանկացած քաղաքացու, այդ թվում Սամվել Կարապետյանին ընտրվել վարչապետ։
Նշենք, որ այս պահին գործող կարգավորումներով վարչապետ կարող է ընտրվել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը։
News.am
