Логотип

Օվերչուկը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին

Ռուսաստանն ու Հայաստանը բանակցություններ կսկսեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ հանրապետությունում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նրա խոսքով՝ կողմերը կգնահատեն երկու երկաթուղային հատվածների վերականգնման տեխնիկական և ֆինանսական պայմանները՝ հետագայում այդ հատվածները Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիներին միացնելու համար:

«Հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական ու եղբայրական զգացմունքներից, Ռուսաստանի Դաշնությունում որոշում է կայացվել առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն Երասխի շրջանում Ադրբեջանի, ինչպես նաև Ախուրյան բնակավայրի շրջանում Թուրքիայի երկաթուղիներին միացումը», – հայտարարել է նա:

Վերականգնման ենթակա հատվածների երկարությունը կազմում է համապատասխանաբար 1,6 կմ և 12,4 կմ:

Օվերչուկի խոսքով, երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի Նախիջևանի, Թուրքիայի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության հնարավորությամբ՝ դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ և Իրանի հետ հաղորդակցությամբ՝ դեպի Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ:

«Այդ մեծ խնդրի լուծման համար աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր խախտված ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում դիտարկվում է Աբխազիայի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը», – հավելել է Օվերչուկը:

Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ ՌԴ-ն շարունակում է աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների։

Նշված երթուղով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցով ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր Ռուսաստանի գործընկերներին:

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականի փետրվարին 30 տարով հանձնվել է ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանը՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:

Sputnik Արմենիա