Ջեյ Դի Վենսի ընտանյոք հանդերձ այցը Երևան արդեն այնքան հանգամանորեն է դիտարկվել պահ առ պահ, որ կարծես թե քննարկել արդեն չարժե։ Այդուհանդերձ եկեք ուշադրություն դարձնենք որոշ մանրամասների, որոնք չեն արժանացել հատուկ ուշադրության, ամենայն հավանականությամբ՝ ասեկոսեների համար չափազանց առատ սննդի առկայության պատճառով:
ԼԱՅՆՈՐԵՆ ԳՈՎԱԶԴՎՈՂ ԵՎ «ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՎԱԿՆՈՂ ԱՅՑԸ գործնականում փոխարկվեց նույնիսկ ոչ թե մեկ, այլ երկու սկանդալի։ Առաջինը հրահրեցին ՀՀ իշխանությունները, երկրորդը՝ անձամբ Վենսը, նրա գրասենյակն ու Սպիտակ տունն ընդհանրապես։ Առաջինն ավելի շատ ներքին էր, երկրորդը՝ դուրս հորդաց Հայաստանի սահմաններից և հայտնվեց աշխարհի խոշորագույն լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
«Տնային» սկանդալը կապված է «9 միլիարդ դոլարի ներդրումների» մասին Վենսի խոսքերի աղավաղված թարգմանության հետ, ինչը, փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով, արվել է իշխանությունների հրահանգով: Ինչպես պարզվեց, իրականում խոսքը պետական պարտքի դիմաց մոդուլային ատոմակայանի համար ամերիկյան տեխնոլոգիաների հնարավոր գնման մասին է՝ 5 մլրդ դոլարի չափով։
Խաբեությունը բացահայտվեց գրեթե անմիջապես, բայց, եթե անկեղծ, առանձնակի սենսացիոն ոչ մի բան դրանում չկար. ստախոսությունը վաղուց է դարձել փաշինյանական իշխանության այցեքարտը։ Տղերքն ընդամենը չափն անցան՝ նախընտրական եռանդով բռնված, արդյունքում ընկնելով սեփական ծուղակը և ստանալով հակառակ արդյունք։
Իսկ այ երկրորդ միջադեպի պարագայում ամեն ինչ շատ ավելի բարդ է. բնավ պատահական չէ, որ այն միջազգային լայն արձագանք հարուցեց և երկարաժամկետ հետևանքներով է սպառնում անձամբ Վենսին։ Խոսքն, իհարկե, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության և Սպիտակ տան աշխատակազմի զարմանալիորեն ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին է, ինչն ակնհայտորեն կապված է ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում ավելի խորքային միտումների հետ: Սոցցանցում Վենսի անունից տեղադրել «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմամբ գրառում, այնուհետ ջնջել այն՝ պատճառաբանելով աշխատակցի սխալով, և հրապարակել նորը՝ արդեն առանց այդ տերմինի, գումարած անձամբ փոխնախագահի պարզաբանումները. այս ամենը բազմաթիվ հարցեր ու ենթադրություններ է ծնում։ Առաջին հերթին ուշադրություն դարձնենք Ծիծեռնակաբերդ այցելելու մասին Վենսի խոսքերին, որոնք ասվեցին լրագրողներին օդանավակայանում՝ Բաքու մեկնելուց առաջ. «Վաղը մենք Ադրբեջանի մի քանի կարևոր վայրեր ենք այցելելու։ Եվ երբ խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ սա իրենց համար շատ կարևոր վայր է։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Այն, ինչ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, շատ սարսափելի մի բան է, և այս վայրը կարևոր է հայերի համար մշակութային առումով։ Ես մտածեցի, որ դա հարգանքի նշան կլինի ինչպես զոհերի, այնպես էլ Հայաստանի կառավարության նկատմամբ»։
Ակամայից բխում են հետևյալ եզրահանգումները. Բաքու կատարելիք այցի ծրագիրը որպես պարտադիր կետ ներառել է այցը «շահիդների պուրակ», որտեղ թաղված են նաև 1990թ. հունվարին հայերի սպանությունների ու կոտորածի մասնակիցները: Երևան այցի ծրագրում Ծիծեռնակաբերդ այցելության կետ չկար, թեև այն երկար տարիներ մշտապես առկա է է եղել օտարերկրյա հյուրերի Հայաստան կատարած պաշտոնական այցերի դիվանագիտական արարողակարգում: Տխրահռչակ հավասարությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վենսը հարկ համարեց այցելել Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, վկայակոչելով «հայերին, որոնց հետ խոսել են»։
ՆԱ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՆԿԱՏԻ ՈՒՆԵՐ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՆ, որոնց հետ խորհրդակցություններ են անցկացվել այցին նախապատրաստվելու շրջանակներում։ Ինչ վերաբերում է «Հայաստանի կառավարության նկատմամբ հարգանքի նշանին», ապա դժվար թե նույն այդ «կառավարությունը» իր հանդեպ հարգանքի նշան է համարում այցը Հուշահամալիր։ Եթե նիկոլական կառավարությունն իսկապես ցանկանար դա, ապա կետը ներառված կլիներ պաշտոնական ծրագրում, և այդ դեպքում Վենսի ու նրա տիկնոջ այցը չէր դիտվի որպես մասնավոր նախաձեռնություն, որն արդյունքում վերածվեց միջազգային սկանդալի։
Բացի այդ, եթե կառավարությունը նման ցանկություն ունենար, ապա ԱՄՆ փոխնախագահին կուղեկցեր շատ ավելի բարձր մակարդակի պաշտոնյա, քան մշակույթի նախարարը, որն ընդ որում չգիտեր, թե որ ծակը մտնի, միայն թե չհայտնվի տեսախցիկների օբյեկտիվում ու չնեղացնի իր այնքա՜ն սիրելի թուրքերին։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում հրապարակված լուսանկարներում Ժաննա Անդրեասյանն ընդհանրապես ոչ մի տեղ չի երևում, իսկ Անմար կրակի մոտ կանգնած է միայն Վենս ամուսնական զույգը՝ ծաղիկներով, և հեռվում երևացող թիկնապահը։
Եվ ընդհանրապես, եթե դատենք ՀՑԹԻ-ի կայքում զետեղված հաղորդագրություններից, Ծիծեռնակաբերդ այցելությունները արարողակարգային պարտադիր միջոցառումներից վաղուց վերածվել են առանձին վերցրած հյուրի և նրա երկրի վճռելիք հարցի: Իսկ վերջին ամիսներին տեղադրված լուսանկարներում չի երևում հայ բարձրաստիճան ոչ մի պաշտոնյա։
Վերջապես, եթե կառավարությունը, որի նկատմամբ Վենսը որոշեց հարգանք ցուցաբերել նաև այդ կերպ, իսկապես շահագրգռված լիներ դրանում, ապա ինչո՞ւ համաշխարհային ԶԼՄ-ների էջերը հեղեղած սկանդալի բազմազան և բարձրահունչ աղմուկի մեջ չհնչեց թեկուզ մեկ քաղաքավարի ասված դիվանագիտական արտահայտություն՝ հեռացված գրառման համար զղջումով։
Այս հանգամանքները, ինչպեսև բազմաթիվ այլ բաներ, վկայում են ճիշտ հակառակը. Հայաստանի իշխանությունները չէին ցանկանում, որ ամերիկացի հյուրը այցելեր Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Շատ հնարավոր է, որ նրանց մատն էլ է խառը «ցեղասպանություն» եզրույթի գործածմամբ Վենսի գրառումը ջնջելու գործում, քանզի խուճապի են մատնվել Թուրքիայի արձագանքի մասին մտքից։ Եվ այդպիսով հարվածի տակ դրել ԱՄՆ փոխնախագահին, որը ցանկանում էր ոչ միայն իշխանություններին, այլև հայ ժողովրդին և, ամենակարևորը՝ ամերիկահայերին հաճելի ինչ-որ բան անել, բայց տհաճությունների մեջ ընկավ, բացի ամենից, նաև իր կողմից «հարգված» կառավարության մեղքով։
Մյուս կողմից, այս ողջ պատմությունը վկայում է այն մասին, որ Թրամփի վարչակազմը չի թաքցնում իր մտադրությունը՝ անջրպետվելու Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից, ինչը տեղի է ունեցել 2021 թվականին նախագահ Բայդենի օրոք: Այնուամենայնիվ դժվար է հավատալ, թե պետության երկրորդ դեմքը տեղյակ չէր իր թիմի դիրքորոշմանը, երբ առաջին գրառման մեջ օգտագործեց հենց «ցեղասպանություն» բառը։ Այս համատեքստում գրառումը ջնջելուն Փաշինյանի ոհմակի ոչ անմասն լինելու մասին վարկածը է՛լ ավելի համոզիչ է թվում։
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՅՑՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ՁԱԽՈՂՈՒՄ ԴԱՐՁԱՎ ԵՐԿՈՒ գլխավոր անձանց համար։ Իհարկե, ԱՄՆ-ի առաջնային շահերի առումով Վենսն իր նվազագույն խնդիրը կատարեց։ Բայց անհնար է չնկատել, որ և՛ նա, և՛ հատկապես Նիկոլը սաստիկ վնասեցին սեփական վարկանիշին՝ ակամայից հարվածի տակ դնելով միմյանց։ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի հաղթաթղթերից մեկը դառնալու կոչված այցն ավելի շուտ վնասեց իշխանություններին, փոխարկվելով երկու աղմկալի սկանդալների։
Ինչ վերաբերում է Վենսին, որին, բնականաբար, առանձնապես չեն հուզում Հայաստանի ներսում տիրող տրամադրությունները, ապա նրա հեղինակությանը վնաս է հասցված հետագա քաղաքական կարիերայի առումով։ Խոսքը ամերիկահայ ընտրողների մասին է, որոնք, ինչպես հայտնի է, առանձնակի զգայուն են Ցեղասպանությանը վերաբերող ամենի նկատմամբ։
Հաշվի առնելով իր երկրի հաջորդ առաջին դեմքը դառնալու ներկայիս փոխնախագահի անթաքույց հավակնությունները՝ դժվար է չհամաձայնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տված գնահատականներին՝ Երևան կատարած նրա այցի վտանգավոր ուղերձների մասին։ Ինչպեսև այն եզրակացությանը, որ «այս ազդանշաններից յուրաքանչյուրը ամերիկահայ ընտրողների շրջանում լուրջ մտահոգություն է առաջացնում փոխնախագահ Վենսի առնչությամբ՝ 2026 թվականի միջանկյալ ընտրությունների և 2028 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին»:
Եվ վերջին ուշագրավ փաստը։ Նկատի առնելով բարձրացած աղմուկը՝ «շահիդների պուրակի» այցելության մասին գրառումը համենայնդեպս հանձնարարել են անել ոչ թե անձամբ «մեղանչած» Ջեյ Դի Վենսին, այլ նրան ուղեկցող ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալին։ Եվ գրառումն այդ հերթապահ բնույթ ուներ ու ծայրաստիճան հակիրճ էր. «Փոխնախագահն ու նրա տիկինը՝ Բաքվում անմար կրակի մոտ»:
