Իշխանությունները փորձում են համոզել սեփականատերերին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վարձով տարածքներ չտրամադրել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ տարբեր օղակներից փնտրում-գտնում են բոլոր այն սեփականատերերին, որոնք վարձակալությամբ գրասենյակներ, տարածքներ են տրամադրում Կարապետյանի թիմին, համագործակցում են նրանց հետ, և փորձում են ճնշումներ բանեցնելով՝ ստիպել, որ հետ կանգնեն նոր քաղաքական ուժի հետ համագործակցելուց։
Անգամ սկսել են ստուգել անշարժ գույքի, գրասենյակների տարածքների սեփականության օրինականությունը՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել և մարդկանց հետ պահել ընդդիմադիր շարժմանն աջակցելուց։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանը կալանքից հետո հայտարարել էր «Մեր ձևով» շարժումը նախաձեռնելու մասին: Հունվարին «Մեր ձևով»-ը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Սամվել Կարապետյանը փետրվարի 11-ին միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, նա ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է:
Armenia Today
